ՀՀ ոստիկանությունը նախազգուշացնում է ակտիվիստներին, իսկ նրանք կոչ են անում ոստիկանությանը չմիջամտել իրենց հանրային սեփականությանը տեր կանգնող քաղաքացիների գործողություններին

ՀՀ ոստիկանությունը նախազգուշացնում է ակտիվիստներին, իսկ նրանք կոչ են անում ոստիկանությանը չմիջամտել իրենց հանրային սեփականությանը տեր կանգնող քաղաքացիների գործողություններին

ԷկոԼուր

Նոր երկխոսություն է ծավալվել Մաշտոցի այգու պաշտպանների եւ ՀՀ ոստիկանության միջեւ: Մաշտոցի այգու կրպակները ապամոնտաժելու պատրաստակամություն հայտնած կանաչ ակտիվիստների նոր ակցիաների առնչությամբ ՀՀ ոստիկանությունը մարտի 12-ին տարածեց հայտարարություն: Հայտարարության մեջ ասված է. «Մաշտոցի պողոտային հարող այգում շինարարական աշխատանքներ կատարելու առնչությամբ բնապահպանական և այլ հասարակական կազմակերպությունների կողմից կազմակերպված գործողությունների ու հայտարարությունների հարցով ՀՀ ոստիկանությունը բազմիցս հանդես է եկել հայտարարություններով՝ հանրությանը պարզաբանելով, թե այդ աշխատանքներին առնչվող իրավական վիճակը և թե ոստիկանության գործողությունների իրավական հիմքերը:

Վերահաստատելով իր դիրքորոշումները խնդրի վերաբերյալ՝ ՀՀ ոստիկանությունը վերստին հայտարարում է, որ լիազորված չէ կասկածի տակ դնել քաղաքապետի կողմից արձակված և չվիճարկված շինարարակական թույլտվության իրավաչափությունը: Այն որոշելու լիազորությունը պատկանում է բացառապես վարչական դատարանին: Հետևաբար, ոստիկանությունը պարտավոր էր թույլ չտալ միջամտություն հիշատակված շինարարական աշխատանքներին, ապահովելով Մաշտոցի պողոտային հարող այգում հասարակական կարգի պատշաճ պահպանությունը, այդ թվում նաև՝ այդ աշխատանքները խոչընդոտող անձանց և շինարարների անվտանգությունը: Ուստի, հասարակական կարգի պահպանմանն ուղղված ոստիկանության պահանջները միանշանակ  բխել են օրենքից:

ՀՀ ոստիկանությունն արդեն իսկ բազմիցս ընդգծել է, որ թույլատրված շինարարական աշխատանքների խոչընդոտումը չի պաշտպանվում հավաքների ազատությամբ, քանի որ հավաքների խաղաղ իրականացումը բացառում է ներկայացված պահանջների հարկադրաբար կենսագործումը հավաքի մասնակիցների կողմից: Նման գործողությունները կարող են որակվել որպես ինքնիրավչություն և առաջացնել վարչական պատասխանատվություն: Հասարակական կարգի և հասարակական անվտանգության խախտումների  առնչությամբ ոստիկանության ծառայողի օրինական պահանջները չկատարելը նույնպես հանգեցնում է վարչական պատասխանատվության: ՀՀ ոստիկանությունն իրավասու էր կիրառելու վարչական հարկադրանքի միջոցներ, սակայն, կանխարգելիչ լիազորությունների շրջանակներում ելնելով լարվածության թուլացման սկզբունքից՝ ձեռնպահ է մնացել միջոցներ կիրառելուց:

Կարևորելով հանրության տեսակետները և հանրային իրազեկվածության բարձրացումը, ՀՀ ոստիկանությունում փետրվարի 28-ին անցկացվեց կլոր սեղան` տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, որի արդյունքում, մասնավորապես, փաստվեց ոստիկանության գործողությունների համարժեքությունը իրավիճակին:

Չնայած դրան, հասարակական կազմակերպությունների առանձին ներկայացուցիչների կողմից վերստին, ընդ որում, վերջնագրային տոնով, կոչեր են հնչում շուրջօրյա նստացույց կազմակերպելու և անգամ սեփական ուժերով «քաղաքացիական դատավարություն անցկացնելու» վերաբերյալ: Հայտարարվում է նաև մինչև այդ ինքնակոչ «դատարանի որոշումը» տաղավարների գույքը «կալանքի վերցնելու», ինչպես և վերջնագրերը չընդունվելու դեպքում տաղավարները սեփական ուժերով ապամոնտաժելու մտադրության մասին:

Այս առնչությամբ ՀՀ ոստիկանությունը լիազորված է հայտնել հետևյալը.

1. Հայաստանի Հանրապետությունում որևէ մեկին պատկանող գույքը կալանքի վերցնելը օրենքի կոպիտ խախտում է, որը չի կարող որակվել այլ կերպ, քան ինքնիրավչություն: Ավելին, տաղավարների ապօրինի ապամոնտաժումը անխուսափելիորեն զգալի չափերի վնաս կպատճառի անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքին, իսկ դա արդեն հանցագործություն է` ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ  հոդվածով նախատեսված արարք, որի կատարման դեպքում մեղավորները անխուսափելիորեն կենթարկվեն քրեական պատասխանատվության:

2. ՀՀ ոստիկանությունը` ունենալով խաղաղ հավաքների անցկացումն ապահովելու պարտականություն, որևէ կերպ չի կարող հանդուրժել այնպիսի գործողություններ, որոնք ամբողջությամբ դուրս են գալիս հավաքի ազատության շրջանակներից և իրենցից ներկայացնում են սոսկ վարչական իրավախախտում կամ անգամ հանցագործություն: Ակնհայտ է, որ Մաշտոցի պողոտային հարող պուրակում նման գործողությունների նպատակով անցկացվող հավաքույթները, որոնց նպատակը այլ անձանց գույքի նկատմամբ բռնի գործողությունների կատարումն է, հավաք չեն համարվում և դրանց կազմակերպիչներն ու մասնակիցները կենթարկվեն պատասխանատվության իրենց կողմից հայտարարված ապօրինի գործողություններն իրականում կատարելու համար:

3. ՀՀ ոստիկանությունը պարտավոր է ապահովել միաժամանակ թե քաղաքացիների խաղաղ հավանքների իրավունքը, թե հասարակական կարգի և հասարակական անվտանգության պահպանությունը, թե նաև այլ անձանց սահմանադրական իրավունքների պաշտպանությունը: ՀՀ ոստիկանության կողմից այս պարտականությունների կատարումն անհնարին է դառնում կամ դժվարանում է, եթե խաղաղ հավաքների փոխարեն անցկացվում են բռնարարքների միտված հավաքույթներ, որոնց նպատակը իրավիճակի սրումն է և հանրության առանձին ներկայացուցիներին ապակողմնորոշելու միջոցով նրանց հակաօրինական վարքագծի դրդելը: Ոստիկանությունը հորդորում է քաղաքացիներին ձեռնպահ մնալ նման գործողություններից և որևէ կերպ չենթարկվել հակաօրինական արարքների դրդող կոչերին:

4. Հավատարիմ մնալով խնդրահարույց, այդ թվում սուր հարցերը բանակցային, իրավիճակի սրումը բացառող եղանակով լուծելու իր գործելաոճին, ՀՀ ոստիկանությունը` իր լիազորությունների սահմաններում, պատրաստակամ է շահագրգիռ կազմակերպությունների հետ շարունակել բանակցությունները այդ հարցերի քաղաքակիրթ և բոլորի շահերից բխող լուծումներ գտնելու ուղղությամբ:

Միևնույն ժամանակ, ՀՀ ոստիկանությունը լիազորված է հայտարարել, որ շինարարական թույլտվության կամ տաղավարների տեղադրման իրավաչափության հարցը չի մտնում իր իրավասության մեջ: Սակայն ոստիկանությունը պարտավոր է կանխել ցանկացած բռնարարք և ապահովել հասարակական կարգը և հասարակական անվտանգությունը:

Այս նկատառումներից ելնելով՝ ՀՀ ոստիկանությունը նախազգուշացնում է, որ տաղավարների ապօրինի, ինքնագլուխ ապամոնտաժման նպատակով հավաքույթներ անցկացնելը չի պաշտպանվում հավաքների ազատությամբ: Նման հավաքների ընթացքում որևէ ինքիրավ գործողության կատարումը, որը չի հանգեցնի այլ անձանց պատկանող գույքի ոչնչացման, առաջացնելու է վարչական պատասխանատվություն` ինքնիրավչության համար, իսկ զգալի վնաս պատճառած նույնաբնույթ գործողությունները որակվելու են որպես հանցագործություն: ՀՀ ոստիկանությունը պարտավոր է հետամուտ լինել, որպեսզի վարչական իրավախախտում և հանցագործություն կատարած բոլոր անձինք` առանց որևէ բացառության, ենթարկվեն իրենց արարքներին համարժեք պատասխանատվության: Այդ առնչությամբ ոստիկանությունը` անօրինական գործողությունները կանխարգելելու նպատակով, իրավասու է ներկայացնել պահանջներ` հասարակական կարգի և հասարակական անվտանգության պահպանման առնչությամբ: Նման պահանջները չկատարելը առաջացնելու է վարչական պատասխանատվություն:

Մյուս կողմից, ՀՀ ոստիկանությունը երաշխավորելու է բոլոր այն ակցիաները, որոնք անցկացվում և անցկացվելու են «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքին համապատասխան:

Այս խնդրի առնչությամբ  մեր հասարակությունը բազմիցս հնարավորություն ունեցել է հավաստիանալ դրանում»:

Ի պատասխան 2012 թվականի մարտի 12-ին ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրության, մարտի 13-ին հայտարարությամբ հանդես եկան Մաշտոցի պուրակի նստացույցի մասնակիցները: Նրանց պատասխան հայտարարության մեջ նշված է.

«Մաշտոցի պուրակում իրականացվող կառուցապատումն անօրինական է եւ հակասում է այդ վայրի` հանրային այգու նպատակային նշանակությանը: Շինարարությունն իրականացվում է առանց հաշվի առնելու հանրային տարածքի սեփականատերերի` հասարակության, կարծիքը, չնայած օրենքը պահանջում է այդ բնույթի աշխատանքներ իրականացնելուց առաջ անցկացնել հասարակական լսումներ եւ հաշվի առնել հանրության կարծիքը: Այս գործընթացի արդյունքում հերթական անգամ կոպտորեն խախտվել են ՀՀ Սահմանադրությամբ, Օրհուսի կոնվենցիայով եւ մի շարք այլ իրավական ակտերով սահմանված մարդու հիմնարար իրավունքները: Որքան էլ պետական տարբեր պաշտոնյաների համար անհասկանալի ու խորթ չհնչի, սակայն հասարակության անդամներն իրավունք ունեն պաշտպանելու իրենց հանրային սեփականությունը բոլորից, այդ թվում` վարչական մարմինների անօրինական գործողություններից: Ոստիկանության փաստարկները, որ հարցը կարող է լուծվել ՀՀ վարչական դատարանի միջոցով, ամբողջությամբ առարկայազուրկ են եւ չեն բխում հանրային իրավունքների պաշտպանության վերաբերյալ ձեւավորված դատական պրակտիկայից:

2001 թվականին Հայաստանը վավերացրել է Օրհուսի կոնվենցիան, որը նախատեսում է շրջակա միջավայրին վերաբերող որոշումների կայացմանը հասարակության մասնակցության եւ արդարադատության մատչելիության իրավունքներ: ՀՀ Սահմանադրության 6-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածների ուժով Օրհուսի կոնվենցիան Հայաստանի տարածքում գործում է անմիջականորեն: Չնայած այս նորմերին` հանրային իրավունքների պաշտպանությանը վերաբերող դատական նախադեպերը վկայում են, որ հասարակությունը լիովին մեկուսացվել է որոշումների կայացման գործընթացից եւ կայացված անօրինական որոշումները դատարանում բողոքարկելու հնարավորությունից: Այդ մասին են վկայում Թեղուտի հանքավայրի շահագործման դեմ հասարակական կազմակերպությունների, ինչպես նաեւ Երեւանի Ուսանողական այգում իրականացվող շինարարության դեմ ՀՀ քաղաքացիների ներկայացրած դատական հայցերին տրված ընթացքը: Ինչպես Թեղուտի (գործ` ՎԴ/3275/05/09), այնպես էլ Ուսանողական այգու (գործ` ՎԴ/3432/05/10) պարագայում ՀՀ վարչական եւ վճռաբեկ դատարանները իրավական դիրքորոշում են հայտնել, որ «… վարչական դատարան դիմելով արդարադատություն կարող է հայցել միայն այն անձը, որը գտնում է, որ վարչարարությամբ իր իրավունքները կամ շահերը անմիջականորեն շոշափվել են», «ՀՀ օրենսդրությամբ դատարան դիմելու իրավունք նախատեսված է միայն այն անձանց համար, որոնց իրավունքներն անմիջականորեն խախտվել են»: Այսպիսով, ՀՀ դատական ատյանները վարույթ չեն ընդունում եւ քննության չեն առնում հանրային շահերի պաշտպանության համար քաղաքացիների կամ հասարակական կազմակերպությունների ներկայացրաց հայցերը: Այսպիսի պայմաններում հասարակությունը զրկված է իր իրավունքների դատական պաշտպանությունից եւ ստիպված է ձեռնարկել հանրային իրավունքների ինքնապաշտպանության միջոցներ:

Մաշտոցի պուրակում իրականացվող անօրինական շինարարության դեմ հասարակության անդամների գործողությունները չեն կարող դիտվել որպես ինքնիրավչություն, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 8-րդ կետը որպես քաղաքացիների իրավունքների պաշտպանության եղանակ է դիտարկում իրավունքների ինքնապաշտպանությունը: Այդպիսի ինքնապաշտպանության ձեւերից մեկն է հանրային սեփականությունը վարչական մարմինների անօրինական որոշումներով իրականացվող ոտնձգություններից պաշտպանելու իրավունքը: ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ազատ է կատարել այն, ինչն արգելված չէ օրենքով»: Որեւէ օրենքով արգելված չէ, որ հասարակությունը իր հանրային սեփականության իրավունքը պաշտպանելու համար ստեղծի ինքնակազմակերպման մարմիններ, այդ թվում` հասարակական հիմունքներով գործող «Քաղաքացիական արդար եւ անկախ դատարան»: Եւս մեկ անգամ հիշեցնում ենք, որ ՀՀ սահմանադրական դատարանի 22 փետրվարի 2002թ. ՍԴՈ-350 որոշման համաձայն` Հայաստանի Հանրապետությունը ոչ թե օրենքի (ստատուտի), այլ իրավունքի գերակայության երկիր է: Օրենքը, այդ թվում` վարչական ակտերը, չպետք է խախտեն Սահմանադրությամբ եւ միջազգային պայմանագրերով ամրագրված մարդու իրավունքներն ու ազատությունները:

Մաշտոցի այգում ընթացող միջոցառումները «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի իմաստով չեն կարող դիտվել որպես «հավաք», քանի որ մարդիկ այնտեղ չեն հավաքվում հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ ընդհանուր կարծիք ձեւավորելու կամ արտահայտելու մտադրությամբ: Դա մեր բոլորի հանրային սեփականությունն է, որտեղ Սահմանադրության 25-րդ հոդվածի ուժով ՀՀ տարածքում օրինական հիմունքներով գտնվող յուրաքանչյուր ոք ունի ազատ տեղաշարժվելու եւ օրենքով չարգելված ցանկացած միջոցառում իրականացնելու իրավունք:

Մաշտոցի պուրակում իրենց հանրային սեփականության իրավունքը պաշտպանող քաղաքացիները որեւէ այլ անձի կամ կենդանու նկատմամբ երբեւէ բռնություն չեն կիրառել եւ բռնություն կիրառելու կոչեր չեն արել: Ընդհակառակը, բազմաթիվ առիթներով նշել են, որ միջոցառումները կրում են խաղաղ բնույթ եւ իրականացվում են անմիջական ժողովրդավարության, իրավունքի գերակայության եւ սահմանադրականության սկզբունքների շրջանակներում: Ինչպես բազմիցս հայտարարել են քաղաքապետարանի զանազան չինովնիկներ, խնդրո առարկա կրպակները համարվում են համայնքի սեփականությունը: Հետեւապես, այդ գույքը եւս պատկանում է համայնքի անդամներին, քանի որ ձեռք է բերվել նրանց կողմից վճարված հարկերի հաշվին:

Ինչ վերաբերում է միջոցառման մասնակիցների նկատմամբ ոստիկանության հնարավոր գործողություններին, ապա հայտարարում ենք, որ ոստիկանության ծառայողի օրինական պահանջներին պարտավոր է ենթարկվել յուրաքանչյուր ոք, սակայն այդ պահանջները պետք է հիմնված լինեն ոչ թե ձեւական օրենսդրական ընթացակարգերի վրա, այլ առաջնորդվեն «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով սահմանված` մարդու եւ քաղաքացու` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների և ազատությունների պաշտպանության անհրաժեշտությամբ, նրանց իրավահավասարության, լիազորությունների իրականացման համաչափության եւ կամայականության արգելքի սկզբունքներով:

Ի պատասխան այն պնդմանը, թե ոստիկանությունը լիազորված չէ կասկածի տակ դնել քաղաքապետի կողմից արձակված շինարարակական թույլտվության իրավաչափությունը, հիշեցնում ենք, որ ոստիկանության հիմնական առաքելությունն է մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը: Առանց իրավաչափության պայմանների հիմնավորման քաղաքապետ Տ.Մարգարյանի կամ որեւէ այլ սուբյեկտի անօրինական որոշումների կատարումն ապահովելով` ոստիկանությունը օբյեկտիվորեն չի կարող կատարել «Ոստիկանության մասին» օրենքի 5-րդ հոդվածով իրեն վերապահված պարտականությունները: Այն է` մարդու իրավունքների ու ազատությունների սահմանափակման ցանկացած դեպքում անմիջապես ներկայացնել սահմանափակման հիմքերն ու պատճառները, ծանոթացնել եւ բացատրել դրանից բխող իրավունքներն ու պարտականությունները: Այսպիսի գործելաոճով ոստիկանությունը հանդես է գալիս ոչ թե որպես իրավապահ մարմին, այլ բռնաճնշումների համար նախատեսված կույր գործիք, որն անքնին կերպով պարտավոր է իրականացնել ցանկացած անօրինական, անգամ հանցավոր հրահանգներ:

Այս կապակցությամբ ոստիկանությանը հորդորում ենք առավել ուշադիր ուսումնասիրեն ՀՀ քրեական օրենսգրքի 47-րդ հոդվածով արտահայտված դրույթները, որոնց համաձայն` «Ակնհայտ անօրինական հրամանով կամ կարգադրությամբ հանցանք կատարած անձը պատասխանատվություն է կրում ընդհանուր հիմունքներով: Ակնհայտ անօրինական հրամանը կամ կարգադրությունը չկատարելը բացառում է քրեական պատասխանատվությունը»: Տարբեր տրամաչափի չինովնիկների անօրինական որոշումները կատարելուն ուղղված` ոստիկանության ծառայողների գործողությունները անխուսափելիորեն հանգեցնելու են ոստիկանության ծառայողների կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) եւ 309-րդ (պաշտոնեական լիազորություններն անցնելը) հոդվածներով սահմանված հանցագործությունների կատարման, քանի որ անօրինական որոշումների իրականացումն ապահովելը անհամատեղելի է ոստիկանության կոչման եւ նրա գործունեության նպատակների ու սկզբունքների հետ, անխուսափելիորեն հանգեցնելու է մարդու իրավունքների խախտումների:

Մաշտոցի պուրակում անօրինական կարգով տեղադրված կրպակների ապամոնտաժումը հասարակական կարգի կամ հասարակության անվտանգության խնդիրներ չի առաջացնում: Իրականացվող բոլոր գործողությունները գտնվում են բացառապես քաղաքացիաիրավական հարաբերությունների դաշտում: Հետեւապես, տվյալ պարագայում ոստիկանության միջամտության անհրաժեշտություն եւս չկա, եւ ոստիկանությունը չի կարող «հասարակական կարգի պահպանության» պատրվակով արդարացնել իր կողմից իրականացվող հնարավոր բռնությունները: Ոստիկանությանը կոչ ենք անում չմիջամտել իրենց հանրային սեփականությանը տեր կանգնող քաղաքացիների գործողություններին: Բավարար իրավական հիմքերի առկայության դեպքում համապատասխան կառույցները կարող են դատական հայց ներկայացնել եւ պահանջել իրենց պատճառված «վնասի» հատուցում»:

Հիշեցնենք, որ ակտիվիստները Մաշտոցի այգում պատրաստվում են 24-ժամյա հերթապահության, սկսել են հավաքել միջոցներ, ուտելիք, տաք ծածկոցներ: Նրանք մտադիր են հերթապահել մինչեւ մարտի 16-ը: Եթե մինչ այդ ժամկետը քաղաքապետարանը չապամոնտաժի կրպակները, ապա ակտիվիստները մտադիր են ինքնուրույն ապամոնտաժել դրանք: Նշենք նաեւ, որ ակտիվիստները այսօր` մարտի 13-ին, այգում անցկացնելու են քաղաքացիական անկախ և արդար դատավարություն` ի պաշտպանություն այգու:

Մարտ 13, 2012 at 11:50


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր