

ԷկոԼուր
ՀՀ կառավարությունը մարտի 15-ին իջեցրեց Ջերմուկ քաղաքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0.15 հա հողերի կատեգորիան` փոքր ՀԷԿ կառուցելու համար: Այդ տարածքը գտնվում է Արփա գետի «Սպիտակ ջուր» վտակի 2100 մ և 2350 մ նիշերի վրա: Ուշագրավ է, որ ՀՀ կառավարությունը թույլատրել է փոքր ՀԷԿ կառուցել մի վայրում, որը իր իսկ մեկ այլ որոշմամբ պայմանավորված 2012թ. վերածվելու է հանգստի եւ ձկնորսության գոտու: Փոքր ՀԷԿ-ի կառուցման առնչությամբ նախագծի ամփոփաթերթում ՀՀ քաղաքաշինության նախարարությունը տեղեկացնում է. «ՀՀ կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 18-ի «Ջերմուկ քաղաքը զբոսաշրջային կենտրոն հայտարարելու մասին» N1064-Ն որոշմամբ նախատեսված միջոցառումների կատարման շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարարության պատվերով շվեյցարական ԹայգերԴեվ Սյուիսս ընկերության կողմից մշակվել է Ջերմուկ քաղաքը որպես սպորտային և առողջարանային կենտրոն զարգացնելու հատակագծային առաջարկությունը: 2012 թվականին նախատեսվում է ձեռնարկել միջոցառումներ` վերը նշված հատակագծային առաջարկությանը համապատասխան Ջերմուկ քաղաքի գլխավոր հատակագծում /2006թ./ փոփոխություններ կատարելու ուղղությամբ:
Գրությամբ ներկայացված ՀԷԿ-ի համար նախատեսված տարածքը ԹայգերԴեվ Սյուիսս ընկերության նախագծով առանձնացված է որպես հանգստի և ձկնորսության գոտի»: Նշենք նաեւ, որ նույն ամփոփաթերթում առարկություններ կամ դիտողություններ չի ներկայացրել ՀՀ բնապահպանության նախարարությունը` գրելով «ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ չի կարող կարծիք տրամադրել, քանի որ նախագծին կցված նյութերում բացակայում է բնապահպանական սահմանափակումների վերաբերյալ տեղեկանքը»:
Մարտ 16, 2012 at 14:05
