Ոստիկանությունը զգուշացնում է

Ոստիկանությունը զգուշացնում է

Tert.am

ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել վաղը, մարտի 31-ին Մաշտոցի պուրակում նախատեսված ապամոնտաժման աշխատանքների վերաբերյալ, որի մասին հայտարարել էին մի շարք բնապահպաններ։

Հաղորդագրության մեջ ասվում է, որ Ոստիկանությունը լիազորված է հայտարարել, որ մարտի 31-ին, ժամը 13.00-ին, Մաշտոցի պուրակում նախատեսվող ապամոնտաժման գործողությունները և մասնակիցների պահանջների հարկադրական կենսագործումը չեն պաշտպանվում հավաքների ազատությամբ:

Նշված ապօրինի գործողությունները կարող են որակվել որպես իրավախախտում և աոաջացնել օրենքով սահմանված պատասխանատվություն:

Ոստիկանությունը կրկին հիշեցնում է, որ այդ տարածքում շինարարական աշխատանքներ կատարելու վերաբերյալ կայացված վարչական ակտը կարող է վիճարկվել միայն դատական կարգով:

Այլ անձանց սահմանադրական իրավունքները սահմանափակող, այդ թվում՝ սեփականության իրավունքի իրացմանը խոչընդոտող և հասարակական կարգի պահպանությանն ու հասարակական անվտանգության ապահովմանը սպառնացող ցանկացած գործողություն դիտվելու է որպես սահմանված կարգի խախտում և օրենքով ամրագրված հիմքերի առկայության դեպքում կհանգեցնի հարկադրանքի կիրառման:

Ոստիկանությունը մեկ անգամ ևս հորդորում և պահանջում է զերծ մնալ հակաիրավական գործողություններ կատարելուց, սադրանքներից և իրավիճակի անհարկի սրումից:

Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ այսօր ոստիկանության ծառայողները Մաշտոցի պուրակի ակտիվիստներին զգուշացրել են իրենց հնարավոր գործողությունների հակաիրավական բնույթի և դրանից բխող հետևանքների մասին:

Հիշեցնենք, որ երկու օր առաջ «ՀՀ քաղաքացիների ժողով» նախաձեռնությունը Մաշտոցի այգու շինարարության հարցով նամակ էր գրել ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին։ Ակտիվիստները ոստիկանապետին տեղեկացնում էին, որ մարտի 31-ին ժամը 13:00-ին Մաշտոցի պուրակում նախատեսում են ապամոնտաժել կառուցված տաղավարները և պահանջում էին ապամոնտաժման աշխատանքների ժամանակ ապահովել հասարակական կարգի պահպանությունը և աշխատանքներ իրականացնող անձանց անվտանգությունը և խոստանում չվնասել ապամոնտաժվող գույքը։ Նամակի տակ ստորագրել էին 10 քաղաքացիներ։

Մարտ 30, 2012 at 12:45


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր