Տեխնոգեն աղետն արդեն վրա է հասել, պարզապես կառավարությունն այդ մասին չգիտի

Տեխնոգեն աղետն արդեն վրա է հասել, պարզապես կառավարությունն այդ մասին չգիտի

ԷկոԼուր

ՀՀ կառավարությունը ապրիլի 19-ին հավանություն է տվել բռնկումների (համաճարակների), քիմիական և ճառագայթային գործոններով պայմանավորված արտակարգ իրավիճակների ժամանակ, ինչպես նաև առօրյա պայմաններում բնակչության (առանձին խմբերի) իրազեկման, բժշկահիգիենիկ գիտելիքների տարածման և առողջ ապրելակերպի քարոզչության կարգին և միջոցառումների ծրագրին։ Ծրագրի նպատակն է բնակչության շրջանում բարձրացնել առողջ ապրելակերպի և բժշկահիգիենիկ կուլտուրայի մակարդակը: Ինչպես նշված է որոշման նախագծում, մի շարք բնական, անտրոպոգեն, տեխնածին և հասարակական գործընթացներ առաջացնում են աշխարհագրական միջավայրի որակի փոփոխություն, որը բնորոշվում է նոր` մարդուն դեռևս անհայտ էկոլոգիական և այլ ռիսկերի գործոններով: Այս համատեքստում կառավարությունն այսօր առավել կարևորվում է բնակչության իրազեկումը ինչպես բռնկումների (համաճարակների), քիմիական և ճառագայթային գործոններով պայմանավորված արտակարգ իրավիճակների ժամանակ, այնպես էլ առօրյա պայմաններում, քանի որ ոչ տեղեկացված լինելը, անձնական հիգիենայի հասարակ կանոններին չտիրապետելը նույնպես հանգեցնում է մի շարք վարակիչ հիվանդությունների առաջացմանը և տարածմանը:

Նշենք, որ մի շարք բնական, անտրոպոգեն, տեխնածին գործընթացներից հատկապես տուժում է հանքարդյունաբերական օբյեկտների, քիմիական, ցեմենտի եւ այլ արտադրությունների հարեւանությամբ ապրող բնակչությունը, որտեղ օդը, հողը, ջուրն ու գյուղմթերքն  աղտոտված են ծանր մետաղներով եւ տոքսիկ տարրերով: Սակայն օրենսդրական նախաձեռնություններ չկան, որոնք արտադրողներին կհարկադրեն իջեցնել այդ ռիսկերը: Արարատ քաղաքի տարածքը, Էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տվյալների համաձայն, աղտոտված է ծանր մետաղներով եւ տոքսիկ խարնուրդներով: Իսկ արարատցիների փորձերը տեղի բժիշկներից պարզելու, թե ինչպիսին է Արարատում պրոֆեսիոնալ հիվանդությունների իրավիճակը, դեռեւս ապարդյուն են, քանի որ այդ ոլորտում հետազոտություն չի կատարվում:

Բնակչության մի մասը շատ լավ գիտակցում է ձեռնարկությունների գործունեության բացասական ազդեցությունն իր առողջության վրա, սակայն անզոր է որեւէ բան փոխելու, քանի որ օրվա հացը վաստակելու համար եւ այլ աշխատատեղ չլինելու պատճառով աշխատում են   տվյալ ձեռնարկություններում եւ աշխատանքը կորցնելու վախից լռում խնդիրների մասին: Բնակչության մյուս մասն էլ ընդհանրապես տեղեկացված չէ, թե ինչ օդ է շնչում, ինչ ջուր խմում եւ ինչ մթերք ուտում: Ասվածի վառ օրինակն է Արարատ համայնքի մոտակայքում  «ԷկոԼուր»-ի նկարահանող խմբին հանդիպած գյուղացին, ով Կախանովի ջրամբարի մոտ բանջար էր հավաքում: «ԷկոԼուր»-ի այն հարցին, թե արդյոք բանջարն էկոլոգիապես  մաքուր է, նա անընդմեջ հազալով պատասխանեց. «Մաքուր է, ոչ մի վտանգ չկա»:



Ապրիլ 24, 2012 at 02:25


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր