

ԷկոԼուր
«Երեւան ջուր» ՓԲԸ-ն արձագանքել է «ԷկոԼուր» մամուլի ակումբում, ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանի հրապարակային ելույթին, ով ասել էր, որ ինստիտուտը չի կարող աշխատել, քանի որ ջուր չկա: «Երեւան ջուր» ՓԲԸ-ի տեղեկատվական բաժնի նամակում ասված է. «…Այս կապակցությամբ «Երևան Ջուր» ՓԲԸ հարկ է համարում ներկայացնել հետևյալ պարզաբանումը:
ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնին /հասցե՝ Պ.Սևակի 7/ հարող ողջ տարածքում «Երևան Ջուր» ՓԲԸ-ն ապահովում է կայուն շուրջօրյա ջրամատակարարում, ընդ որում բոլոր սպառողների համար: Տվյալ գիտական կենտրոնի բողոքներին ի պատասխան՝ ընկերությունը 2012-2013թթ. երեք անգամ պաշտոնապես տեղեկացրել է, որ մեր իրավասության ներքո գտնվող բաշխիչ ցանցում առկա է ջրի պահանջվող ճնշում, և որ Պ.Սևակի 7 հասցեի անբավարար ջրամատակարարումը կապված է վերջինիս ներքին ցանցում առկա խնդիրների հետ, որոնք գործող օրենսդրությամբ պետք լուծվեն սեփականատիրոջ կողմից:
Ցավոք, այս ուղղությամբ համապատասխան նախաձեռնություն ցուցաբերելու, գործնական քայլեր ձեռնարկելու փոխարեն ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնում առ այսօր կողմնակի միջամտության հույսով շարունակում են դիմել տարբեր կազմակերպությունների: Ակնհայտ է, որ նման սպասողական դիրքորոշումը ոչ մի կերպ չի նպաստում խնդրի շուտափույթ լուծմանը: Ակնհայտ է և այն, որ ստեղծված իրավիճակում «Երևան Ջուր» ՓԲԸ-ից հարկ է ակնկալել միայն մասնագիտական խորհրդատվական ծառայություն, որը մենք, որպես բարի կամքի արտահայտություն, պատրաստ ենք ցուցաբերել»:
Լուսանկարը` www.7or.am կայքի
Ապրիլ 02, 2013 at 14:16
