

ԷկոԼուր
2013թ. վերջին ՀՀ Ազգային ժողովի ընդունմանը կներկայացվի նոր օրինագիծ`«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին»:
Ընդունվելու դեպքում այն կփոխարինի 1995 թվականից գործող «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» օրենքին: «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» օրինագիծը ներկայացվելու է փաթեթով: Այն փոփոխություններ է ենթադրում ՀՀ «Ընդերքի մասին» օրենսգրքում, Վարչական իրավախախտների վերաբերյալ օրենսգրքում, Վարչական դատավարության օրենսգրքում, Քրեական ու Քաղաքացիական օրենսգրքերում, «Բնապահպանական վերահսկողության» մասին ՀՀ օրենքում:
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» օրենքը չի կարգավորում փորձաքննության գործընթացը։ Յուրաքանչյուր թղթի կտոր որպես նախագիծ կարող է ներկայացվել փորձաքննությանը։ Արդյունքում անհրաժեշտություն առաջացավ նոր օրենքի նախագիծ մշակել: Այս մասին հուլիսի 3-ն` «ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի ունեցած ԷկոԼուրի «Ազգային փորձաքննության առանձնահատկությունները» նոր վավերագրական ֆիլմի շնորհանդեսի ժամանակ, ասաց Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անդամ, իրավաբան Արթուր Գրիգորյանը։
«Սա գնահատման մասին օրենք է, որտեղ արդեն հստակ տարանջատումներ են մտցված փորձաքննության, գնահատման գործընթցաների մասին: Նշված է այն ամբողջ շրջանակը, որը պետք է ենթարկվի փորձաքննության»,- ասաց Արթուր Գրիգորյանը:
Առաջին անգամ օրենքը Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվել 2012 թվականին, սակայն հասարակական բողոքի արդյունքում հետ է կանչվել: Այժմ հասարակայնության ներկայացուցիչները նույնպես մասնակցում են օրինագծի մշակմանը:
Ըստ Արթուր Գրիգորյանի` նրա նոր օրինագծի դրույթները հետևյալն են.
•Տեխնիկական առաջադրանք. Բնապահպանության նախարարությունը պետք է պահանջի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում նախքան նախագիծը փորձաքննության ուղարկելը:
•Էկոլոգիական վնասի հատուցման ու տնտեսական ինստիտուտների առկայություն, ինչը ենթադրում է՝ կառավարության կողմից տնտեսական վնասի գնահատման և պատճառված վնասի հատուցման կարգի մշակում:
•Առողջապահության նախարարությունը դառնում է ամբողջական սուբյեկտ, որը պետք է փորձաքննություն իրականացնի։ Եթե այն տալիս է բացասական եզրակացություն մինչև նախագծի Բնապահպանության նախարարություն գնալը, ապա նախագիծը չի կարող հաստատվել:
•«Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ–ը պետք է պետական միջոցներով վճարվի, ոչ թե՝ մասնավոր:
•Հանրության ցանկացած խմբի առաջարկությամբ կարող են անցակցվել հանրային լսումներ:
•Օրենքում հստակ տարանջատումներ են մտցված փորձաքննության, գնահատման գործընթացների և դրանցում ընդգրկված մասնակիցների պատասխանատվության մասին:
•Պատասխանատվության հարցերը սահմանվում են օրենքով սահմանված կարգով: Կապված աստիճանից՝ իրավախախտները ենթարկվում են պատասխանատվության՝ ըստ Քրեական օրենսգրքի, ըստ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի կամ հեռացվում են աշխատանքից:
•Հանքահանման, հանքամշակման և պոչամբարների նախագծերը պետք է ներկայացվեն միասին:
•Հասարակական լսումների վերաբերյալ հայտարարությունները, նախագծերը, արձանագրությունները, եզրակացությունները պետք է տեղադրված լինեն որևէ կայքում:
•Հասարակական լսումների մասին հայտարարությունները որևէ կայքում պետք է տեղադրվեն լսումներից 7 օր առաջ:
Հուլիս 04, 2013 at 14:03
