

ԷկոԼուր
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» նոր օրենքով կրճատվելու են փորձաքննության ժամկետները, օրենքը նպաստելու է Հայաստանի գործարար միջավայրի բարելավմանը: Այս մասին նշված է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթում, որը հուլիսի 25-ին կառավարության հավանությանը կներկայացնի ՀՀ բնապահպնության նախարար Արամ Հարությունյանը:
Ինչպես նշված է փաթեթի փաստաթղթում, նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում էր նաև ՀՀ կառավարության կողմից վավերացված «Անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» կոնվենցիայի և «Կոնվենցիային կից ռազմավարական էկոլոգիական գնահատման արձանագրություն», «Եվրոմիության խորհրդի դիրեկտիվների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ոլորտում», ՄԱԿ-ի ԵՏՀ «Շրջակա միջավայրի առնչությամբ տեղեկության, որոշումներ ընդունելուն հասարակության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» կոնվնցիայի /Օրհուս/ պահանջներից և սկզբունքներից:
«1995 թվականից գործող «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» օրենքում ամրագրված ընթացակարգային դրույթները սահմանված են ոչ լիարժեք, կամ ընհանրապես բացակայում են, մասնավորապես շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման /ՇՄԱԳ/, ռազմավարական էկոլոգիական գնահատման /ՌԷԳ/, անդրսահմանային ազդեցություններին վերաբերող ընթացակարգերը: Օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերը, մասնավորապես «Հասարակական լսումների իրականացման» և «Փորձաքննությանը ենթակա փաստաթղթերի և դրանցում պարունակող տվյալների ցանկն ու ծավալը» դեռևս սահմանված չէ ՀՀ կառավարության կողմից, ինչը լուրջ խոչընդոտ է հանդիսանում գործընթացի իրականացման համար: Օրենքում բոլոր գործունեությունների փորձաքննությունն իրականացվում է նույն ընթացակարգով և նույն ժամկետներում, ներկայացված նախագծում գործունեությունները` ըստ շրջակա միջավայրի վրա ազդեցության, դասակարգվել են երեք կատեգորիաների (ա, բ, գ), լրացվել են գործունեության նոր տեսակներով, որոնք ամրագրված են Հայաստանի կողմից վավերացված միջազգային կոնվենցիաներում, կրճատվել են փորձաքննության իրականացման ժամկետները, յուրաքանչյուր կատեգորիայի համար սահմանվել են առանձին ժամկետներ (120 օրը փոխարինվել է ըստ կատեգորիաների` համապատասխանաբար 30, 40, 60 օրվա): ...
Օրենքի նախագծի մշակման նպատակն է օրենքը համապատասխանեցնել հասարակական զարգացումների հետևանքով առաջացած իրավահարաբերություններին, ոլորտին վերաբերող միջազգային պահանջներին, Եվրոմիության ստանդարտներին, նպաստել Հայաստանի գործարար միջավայրի բարելավմանը»,- նշված է փաստաթղթում:
Հուլիս 25, 2013 at 14:47
