Կառավարությունն իր հովանավորյալ «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ընկերությանը նոր սարքավորումներ ձեռք բերելու հնարավորություն է տալիս

Կառավարությունն իր հովանավորյալ «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ընկերությանը նոր սարքավորումներ  ձեռք բերելու հնարավորություն է տալիս

ԷկոԼուր

Կառավարությունն իր հովանավորյալ «Ատ Մետալս» ընկերությանը նոր սարքավորումներ  ձեռք բերելու հնարավորություն է տալիս: Օգոստոսի 15-ի նիստում գործադիրը փոփոխություն եւ լրացում կատարեց իր 2013թ. մայիսի 23-ի թիվ 541Ա որոշման հավելվածում («Ներդրումային ծրագրի շրջանակներում «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 300 միլիոն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը մինչև երեք տարի ժամկետով հետաձգելու մասին» որոշում), որով ավելացրեց ընկերության կողմից ներկրվող ապրանքների քանակը: Այդպիսով, ընկերությունը հնարավորություն ստացավ ներկրելու երկու ամբարձիչ, մեկական թրթուրավոր բուլդոզեր, թրթուրավոր էքսկավատոր, էլեկտրոնային ավտոմոբիլային կշեռք եւ երեքական էլեկտրոնային արտադրական կշեռքներ:

Նշենք, որ «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍՊԸ-ն նախատեսում է կազմակերպել ՀՀ Սյունիքի մարզի Մեղրասարի հանքավայրի ուսումնասիրություն,  հանքաքարի վերամշակում` ոսկու և արծաթի ստացման համար: Ընկերության ներդրումային ծրագրի շրջանակներում կկառուցվի բազմամետաղների վերամշակման արտադրամաս:

«Սույն նախագծի ընդունմամբ կապահովվի ընկերության ներդրումային ծրագրի բնականոն իրականացումը, որի կառուցման արդյունքում արտադրական համալիրը թույլ կտա 2013 թվականին թողարկել շուրջ 1.4 մլրդ ՀՀ դրամի արտադրանք` հաջորդ տարիներին այն հասցնելով մինչև 2.2 մլրդ ՀՀ դրամ:

Թողարկված արտադրանքը կարտահանվի և կիրացվի «ԱՏ-ՍՊԵՑՏԵԽՆՈԼՈԳԻԱ» ՍՊ և «ԱՎԻԱՏԵԽՆՈԼՈԳԻԱ» ՓԲ ընկերությունների կողմից, որոնք հանդիսանում են «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍՊ ընկերության բաժնետերերը:

Ներդրումային ծրագրի շրջանակներում «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍՊ ընկերությանը 2013 թվականին նախատեսում է ստեղծել շուրջ 75 աշխատատեղ` մոտ 270 հազար ՀՀ դրամ ամսական միջին աշխատավարձով, իսկ հաջորդ տարում աշխատատեղերի քանակը հասցնելով մոտ 105-ի»,- մասնավորապես նշված է կառավարության որոշման նախագծում:

Հիշեցնենք, որ «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍՊԸ-ն Սյունիքի մարզի Տաշտուն համայնքի վարչական տարածքում իրականացնում է հանքաքարի վերամշակման գործարանի կառուցման աշխատանքներ` չունենալով Բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի դրական եզրակացությունը, ինչի համար բնապահպանական տեսչությունը կասեցրել է գործարանի շինարարությունը: Ինչպես նշված է Բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում,  «ԱՏ-ՄԵՏԱԼՍ»-ը ՀՀ Սյունիքի մարզի Քարասար և Պրիխրեպտովոյի /Մեղրասար/ ազնիվ մետաղների երևակումում հանքաքարի փորձնական հանույթի տեխնոլոգիական մշակման և Տաշտուն համայնքի վարչական տարածքում հանքաքարից ոսկու և բազմամետաղների կորզման փորձարարական գործարանի կառուցման նախագծերը բնապահպանական փորձաքննության Բնապահպանական փորձաքննությանը ներկայացրել է սույն թվականի հուլիսի 29-ին: Դեռ նշանակված չեն նախագծերի վերաբերյալ հասարակական լսումների օրերը, եւ նախարարությունը որեւէ եզրակացություն չի տվել նախագծերին: Սակայն, հաշվի առնելով կառավարության վերաբերմունքը ընկերության նկատմամբ, կարելի է կռահել, թե բնապահպանական փորձաքննության եզրակացությունն ինչպիսին կլինի:

Հիշեցնենք, որ Համահայկական բնապահպանական ճակատը «ԱՏ-ՄԵՏԱԼՍ»-ի գործունեության վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ դատախազություն և ոստիկանություն այն հիմնավորմամաբ, որ ընկերությունը, բնապահպանական տեսչության պահանջի համաձայն, չի կասեցրել իր գործունեությունը եւ շարունակել է գործարանի շինարարական աշխատանքները:

Օգոստոս 15, 2013 at 17:10


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր