Հատուկ ծրագիր Հայաստանի քաղցրահամ ջրերի ճիշտ կառավարման համար

Հատուկ ծրագիր Հայաստանի քաղցրահամ ջրերի ճիշտ կառավարման համար

ԷկոԼուր

Հայաստանում կիրականացվի «Ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը քաղցրահամ ջրերի մոնիտորինգի և պահպանման գործում» ծրագիրը: Սեպտեմբերի 5-ին գործադիրը հաստատեց ծրագրի արտաբյուջետային միջոցների ծախսման 2013 թվականի նախահաշիվը:

Ինչպես նշված է ծրագրի հիմնավորման մեջ, Հայաստանում բավարար չափով զարգացած չէ քաղցրահամ ջրի ռեսուրսների կառավարման համար պատասխանատու պետական մարմինների եւ ակադեմիական սեկտորի միջեւ համագործակցությունը: Քաղցրահամ ջրի տնօրինման համար պատասխանատու պետական մարմինները չեն իրականացնում համակարգված գործունեություն: Ծրագրի նպատակն է խթանել համակարգված համագործակցությունը քաղցրահամ ջրերի համակարգերի կառավարման և պահպանման ոլորտում ներգրավված պետական մարմինների և ակադեմիական սեկտորի միջև, զարգացնել վերջիններիս կարողությունները, ինչը կհանգեցնի Հայաստանում քաղցրահամ ջրի էկոհամակարգերի կայուն զարգացմանը:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կազմակերպել սեմինար` ջրային պաշարների կառավարման և պահպանման ոլորտում մասնագիտացված պետական մարմինների ներկայացուցիչների և ուսանողների համար: Սեմինարի ընթացքում կներկայացվեն ջրի աղտոտման գնահատման ժամանակակից տեխնոլոգիաները՝ ներառյալ մոլեկուլային, բջջային, գենետիկ, թունաբանական և ընդհանուր կենսաբանական մեթոդները: Նախատեսվում է նաև «Գիտությունն արձագանքում է կառավարության կարիքներին. աջակցություն շրջակա միջավայրի պահպանման գործում» թեմայով կլոր սեղանի անցկացում, որին հրավիրված գիտնականները պետական մարմինների ներկայացուցիչներին կներկայացնեն բնական էկոհամակարգերում ջրային ռեսուրսների պահպանման և կառավարման ոլորտում իրենց հետազոտությունների արդյունքները, նոր տեխնոլոգիաները, առաջատար մեթոդաբանությունը:

Ծրագրի իրականացման համար ՅՈՒՆԵՍԿՕ-ն հատկացրել է 20000 ԱՄՆ դոլար: Ծրագիրն իրականացնում է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը:

Լուսանկարը` http://vardapet.blogspot.com-ի

Սեպտեմբեր 09, 2013 at 10:56


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր