

ԷկոԼուր
Երեք տարով՝ մինչև 2016 թ. հուլիսի 13-ը, երկարաձգվեց «Արգիճի» փոքր ՀԷԿ-ը կառուցող «Հիդրո Կորպորացիա» ՓԲԸ-ի կողմից 300 միլիոն դրամը գերազանցող ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը: Կառավարությունն այս որոշումն ընդունեց հոկտեմբերի 17-ի նիստի ընթացքում:
«Հիդրո Կորպորացիա» ՓԲԸ-ն կառուցում է 11 ՄՎտ հզորությամբ «Արգիչիի» ՓՀԷԿ-ը Սեանա լիճ թափվող ամենախոշոր գետերից մեկի՝ Արգիճի վրա, ինչին դեմ են տեղի բնակիչներն ու բնապահպանները, քանի որ, խախտվում է «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքը, համայնքները զրկվում են ոռոգման ջրից:
Ինչպես նշվսծ է որոշման նախագծում, ընկերությունը շինարարական աշխատանքները սկսել է 2007 թվականին, սակայն հետագայում դադարեցրել է տնտեսական ճգնաժամի պատճառով: Ծրագիրն ավարտելու նպատակով «Հիդրո Կորպորացիա»-ն 2012 թվականին «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ներմուծել է խողովակներ, որոնց մի մասը վերոհիշյալ ռեժիմի ժամկետների ավարտի պատճառով` ներկայումս գտնվում է մաքսային մարմինների պատասխանատու պահպանման ներքո եւ կներմուծվեն այս արտոնությունից հետո:
Նշենք, որ «Հիդրո Կորպորացիա» ՓԲԸ-ին ՀՀ կառավարությունը պատրաստվում էր մերժել արտոնություններ տալ, ինչի մասին որոշման նախագիծ էր սույն թվականի օգոստոսի 14-ին տեղադրվել գործադիրի պաշտոնական կայքում, սակայն օգոստոսի 15-ին անհայտ պատճառներով այն հանվեց կայքից: Իսկ կառավարության այսօրվա պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է, որ «Հիդրո Կորպորացիա»-ի գործունեությունը համահունչ է ՀՀ կառավարության հավանությունն ստացած ՀՀ էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգի դրույթներին:
Հոկտեմբեր 17, 2013 at 18:18
