

ԷկոԼուր
ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանին և նրա գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարութան տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը, ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը կարևորել է այն փաստը, որ վերջին տարիների ընթացքում բնապահպանական ոլորտում երկրները ձևավորել են համատեղ աշխատանքային մի քանի խումբ, որոնք արդյունավետորեն համագործակցում են, բարձրացնում հարցեր, և տալիս համապատասխան լուծումներ: «Ոլորտում շատ լուրջ ծրագրեր ունենք և քայլ առ քայլ լուծում ենք դրանք»,- ասել է Արամ Հարությունյանը:
Կողմերը քննարկել են երկու հարևան պետությունների միջև բնապահպանության ոլորտում փոխգործակցության ներկա մակարդակի, հեռանկարային ծրագրերի ընթացքին վերաբերող հարցեր ևս, մասնավորապես՝ Արաքս գետի ջրերի որակի համատեղ մոնիտորինգի վերաբերյալ: Անդրադարձ է եղել այլընտրանքային էներգիայի աղբյուրների օգտագործման հնարավորություններին և դրանց կիրառման հեռանկարներին, մասնավորապես՝ ջրի, քամու և արևի էներգիայի օգտագործմանը:
Արամ Հարությունյանն անդրադարձել է հարևան պետությունների սահմանագծում «Բարեկամության և խաղաղության այգու» հիմնման և հետագայում երկու երկրների սահմանամերձ պահպանվող տարածքների՝ «Արևեկի» ու «Դիզմարի» միջև էկոլոգիական միջանցքների և միգրացիոն ուղիների առանձնացման հարցերին՝ նկատելով, որ նախագծի իրագործումը կխթանի տարածաշրջանում էկոլոգիապես մաքուր միջավայրի ստեղծմանը, ինչն իր հերթին կնպաստի բազմաթիվ էկոլոգիական խնդիրների լուծմանը:
Բնապահպանության ոլորտում տարվող աշխատանքները որակապես նոր հարթության վրա դնելու և եղած ծրագրերի իրականացումն արագացնելու նպատակով ԻԻՀ էներգետիկայի նախարարը ՀՀ բնապահպանության նախարարին հրավիրել է աշխատանքային այց կատարել Իրան:
Նոյեմբեր 25, 2013 at 11:27
