

ԷկոԼուր
Սույն թվականի փետրվարի 10-ին` ժամը 11.00-ին, Երևանի Սունդուկյան 23/100 հասցեում տեղի կունենան «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ Արագածոտնի մարզի Թուխմանուկի հանքավայրի պոչամբարի լրամշակված նախագծի հասարակական լսումներ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքից:
Հիշեցնենք, որ «Մեգո Գոլդը»-ը 2013թ-ին բնապահպանական փորձաքննության ներկայացրեց պոչամբարի կառուցման նախագիծ, սակայն ՀՀ բնապահպանության նախարարությունը բացասական եզրակացություն տվեց նախագծին:
Այս լրամշակված նախագծում նորությունն այն է, որ առաջարկվում է պոչամբարի կառուցման ժամանակ կավի փոխարեն օգտագործել գեոթաղանթ: «Որպես այլ տարբերակ նախատեսվում է կավի շերտը փոխարինել գեոթաղանթով:
Գեոթաղանթ (գեոմեմբրանա) - բազմաֆունկցիոնալ գլանափաթեթային պոլիմերային թերթեր են 1.0-2.5 մմ հաստությամբ, պատրաստված բարձր (HDPE) և/կամ ցածր (LDPE) խտություն ունեցող պոլիէթիլենից: … Գեոթաղանթները ունեն հետևյալ հատկությունները.
- բարձր հակակորոզիոն և ջրամեկուսիչ ցուցանիշներ
- ճկունություն,
- չկծկվող են,
- ճաքակայունություն,
- ջերմադիմացկուն են, (-70 +1100 C),
- կայուն է շատ տեսակի քիմիական ռեագենտների հանդեպ(կայուն է PH0.5-14)
- կենսակայուն է,
- հարաբերական երկարացումը մինչև 700%,
- ձգման բարձր ամրություն մինչև 26.2 ՄՊա,
- սեյսմակայունություն,
- կայուն են պատռվածքների, արմատների ներաճման, կծկման, քայքայման և ճաքճքման հանդեպ,
- դիմանում են արտաքին ջեմաստիճանի մեծ տատանումներին,
- էկոլոգիապես անվտանգ են,
- երկարադիմացկուն են (ծառայման ժամկետը ավելի քան 100 տարի)»,- մասնավորապես նշված է նախագծում:
Աղբյուրի համաձայն` պոչամբարի տակ հատկացվող տարածքի ընդհանուր մակերեսը կազմելու է 6-7 հա, պոչամբարի մակերեսը` 1.53 հա, ծավալը` 370 հազար խմ, պոչատարի ընդհանուր երկարությունը` 1607մ: Պոչամբարը կառուցվելու է նույն 9 բալ ուժգնությամբ սեյսմիկ գոտում, Արագածոտնի մարզի Մելիք գյուղի արևելյան մասում` 800մ հեռավորության վրա, իսկ ֆաբրիկայից մոտ 1600մ հեռավորության վրա:
Հիշեցնենք, որ 2013թ. հասարակայնության վրդովմունքն էր առաջացրել այն փաստը, որ ընկերությունը, առանց ռեկուլտիվացնելու իր կողմից շահագործված նախորդ երկու պոչամբարները, մտադիր է նորը կառուցել: Նշենք, որ Մելիք գյուղի բնակիչները բազմիցս ահազանգել են այդ պոչամբարներիի պատճառած վնասների մասին:
Ի դեպ, հնարավոր է, որ այս պոչամբարով էլ «Մեգո Գոլդ»-ը չսահմանափակվի: 2013թ. նոյեմբերի 27-ին Մելիք գյուղում տեղի ունեցած հասարակական լսումների ընթացքում «ՄեգոԳոլդ» ընկերության տնօրեն Աշոտ Պողոսյանը հայտարարեց, որ արտադրության եւ արդյունահանման ծավալների ընդլայնման ծրագրեր կան, որ կարող է նոր պոչամբարների կառուցման հարց առաջանալ: Այս հայտարարությունից հետո բնապահպանական կազմակերպությունները հանդես եկան ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հանրությունյանին ուղղված դիմումով, որում մասնավորապես ասված էր. ««Մեգո Գոլդ»-ի նախատեսող գործողություններից բխող ռիսկերի ճիշտ գնահատման համար անհրաժեշտ ենք համարում, որպեսզի ընկերությունը ներկայացնի իր ողջ գործունեության համալիր ծրագիրը, որի անբաժանելի մասը կլինի նաեւ նոր պոչամբարների կառուցումը: Համալիր ծրագրի ՇՄԱԳ-ը պետք է համապատասխանի «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի պահանջներին: Ծրագրում պետք է ներկայացված լինեն շրջակա միջավայրի աղտոտումը կանխարգելող միջոցառումներ, մարդկանց առողջությունն ու անվտանգությունն ապահովող միջոցառումների ծրագրեր, սոցիալական ծրագրեր»: Ինչպես երեւում է, ընկերությունը ոչ մի համալիր ծրագիր էլ չի պատրաստվում ներկայացնել, այլ ներկայացնում է միայն նոր պոչամբարի կառուցման նախագծի լրամշակված տարբերակը, որտեղ նույնիսկ փոփոխության չի ենթարկել պոչանքների պինդ մասի բաղադրության կազմը, որոնք, ըստ նախագծի, հետեւյալն են` SiO2 – 46,23%; AL2O3 – 10,81%; MgO – 5,17% ; TiO2 – 0,82 %; CaO – 6,41%; MnO – 0,15%; Fe2O3 – 6,4%; FeO -3,62%; ՇԿ-12,71%: Մինչդեռ Շ. Խաչատրյանի «Թուխմանուկի (Արագածոտնի մարզ) ոսկու հանքավայրի հանքաքարերի երկրաքիմիական առանձնահատկությունները» գիտական հոդվածի համաձայն (Երեւանի պետական համալսարանի գիտական տեղեկագիր 3, 2010). «…պղինձ, ցինկ, կապար, մկնդեղ, վիսմուտ, սելեն, թելուր, կադմիում և այլն լցվում են թափոնակույտ և պոչամբար»:
Փետրվար 07, 2014 at 13:44