

ԷկոԼուր
Ապրիլի 23-ին ՀՀ կառավարությունը որոշեց ոռոգման նպատակով Սեւանա լճից ջրառի չափաքանակը սահմանել մինչև 170 միլիոն խմ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը։ Աղբյուրի համաձայն՝ 2014թ. ոռոգման շրջանում, սույն թվականի ապրիլի 22-ի դրությամբ ջրօգտագործողների կողմից ներկայացված ջրօգտագործման պլան-ժամանակացույցի համաձայն, պայմանագրային ոռոգվելիք հողատարածությունների մակերեսը կազմել է 45.985 հազար հա։
Որոշման հիմնավորման մեջ նշված է. «․․․ջրառի պլան-ժամանակացույցը կազմված է մինչև օգոստոսի 2-րդ տասնօրյակ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ներկայումս քննարկվում է ՀՀ Ազգային ժողովում (որով նախատեսված է մինչև Սևջուր գետի և Արարատյան դաշտավայրի ստորգետնյա ավազանի սակավաջրության խնդրի լուծման, ինչպես նաև առաջնահերթ ջրամբարաշինության միջոցառումների իրականացման ավարտը ժամանակավոր՝ մինչև 2019թ. հունվարի 1-ը, Uևանա լճից ջրի բացթողնման տարեկան չափաքանակ uահմանել առավելագույնը 240 մլն մ3՝ կախված Սևանա լճից սնվող ոռոգման համակարգերի ջրաղբյուրների (գ.Հրազդան, Ապարանի, Ազատի, Մարմարիկի ջրամբարներ) ջրատվության աստիճանից:)»: Սա նշանակում է, որ Ազգային ժողովի կողմից օրինագծի ընդունման դեպքում՝ օգոստոսի 20-ից հետո, Սեւանա լճից ջրառը կարող է գերազանցել 170 միլիոն խմ-ն։
Հիշեցնենք, որ բնապահպան հասարակությունը դեմ է այս օրինագծի ընդունմանը, քանի որ Սեւանից հավելյալ ջրառը սպառնում է լճին ճահճացմամբ։ Այս առիթով «S.O.S. Սեւան» նախաձեռնությունը ապրիլի 25-ին` ժամը 12:00-ին, կիրականացնի բողոքի քայլերթ` ուղղված Սեւանա լճի փրկությանը: Քայլերթը կմեկնարկի ՀՀ Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի օղակաձեւ հրապարակից դեպի Սեւան-Հրազդան ջրանցքը Սեւան- Երեւան մայրուղով: Բողոքի ակցիան կշարունակվի Երեւանում ապրիլի 28-ին` ժամը 11:00-ին, ՀՀ Ազգային ժողովի նիստի օրը, Ազգային ժողովի շենքի դիմաց:
Ապրիլ 23, 2014 at 20:05
