

ԷկոԼուր
Ապրիլի 28-ի դրությամբ ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում լուծարվել, կոնսերվացվել և բերվել են փականային ռեժիմի 82 հորատանցքեր, իսկ 7 խորքային հորի կոնսերվացման ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են: Այս մասին ապրիլի 28-ին տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ զեկուցել են ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արամ Հարությունյանին:
Նախարարին տեղեկացրել են նաեւ, որ ավարտվել են ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերի համայնքային նշանակության խորքային հորերի հաշվառման աշխատանքները, եւ արդյունքները համադրվում են նախորդ տարիների ուսումնասիրության արդյունքների հետ: Ընթացքի մեջ է նաև «Ապօրինի շահագործվող, ինչպես նաև չշահագործվող հորատանցքերի համար ջրօգտագործման թույլտվությունների տրման, դրանց լուծարման և կոնսերվացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման դրույթների իրականացման գործընթացը: Այս փուլում հաշվառվում է Արարատյան հարթավայրում ջրօգտագործման թույլտվություն ստանալու նպատակով մինչև ապրիլի 1-ը դիմած տնտեսվարողների նոր հայտերը, որոնք առանձին-առանձին քննարկվելու են ձևավորված միջգերատեսչական հանձնաժողովում և եռամսյա ժամկետում եզրակացություն է տրվելու յուրաքանչյուր դիմումի վերաբերյալ:
Ապրիլ 28, 2014 at 18:28
