

ԷկոԼուր
ՀՀ կառավարությունը չի վստահում ՀԿ-ների օբյեկտիվությանը եւ դեմ է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» օրենքում լրացումներ կատարելուն։
ՀՀ ԱԺ Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Լյովա Խաչատրյանը, Մարտուն Գրիգորյանը, Աբրահամ Մանուկյանը, Մուշեղ Պետոյանը, Վահագն Մախսուդյանը, Վահան Կարապետյանը, Գրիգորի Մարգարյանը, Արմեն Ավետիսյանը, Արա Արամյանը և Հայկ Խաչատրյանը առաջարկել են, որպեսզի 1․1 հոդվածով փորձաքննական եզրակացությունը դրական տրվի բացառապես քննարկումների արդյունքում դրական արձանագրություն ունենալու եւ մասնագիտական դրական եզրակացության առկայության դեպքում: 18-րդ հոդվածը լրացվի հետեւյալ բովանդակությամբ․ «Լիազորված անձը կրի լրիվ գույքային պատասխանատվություն` իր կողմից տրված ոչ պատշաճ մասնագիտական եզրակացության հիման վրա փորձաքննական դրական եզրակացություն ստացած գործունեության իրականացման հետեւանքով շրջակա միջավայրին, կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի համար: Շրջակա միջավայրին հասցված վնասի չափի հաշվարկման մեթոդներն ու մեխանիզմները սահմանվեն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից»։ ՀՀ ԱԺ նախագահին ուղղված նամակում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնավորապես գրել է․ «1. Նախագծի 1-ին հոդվածի կապակցությամբ հայտնում ենք, որ հասարակական քննարկումների արձանագրություններն իրավական փաստաթղթեր չեն և չեն կարող հիմք հանդիսանալ դրական կամ բացասական փորձաքննական եզրակացություն տալու համար: Բացի այդ հասարակական քննարկումների մասնակից հասարակական կազմակերպությունները կարող են կարծիք տալ՝ ոչ միայն օբյեկտիվ մասնագիտական դիրքորոշումից ելնելով:
2. Նախագծի 2-րդ հոդվածի կապակցությամբ հայտնում ենք, որ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ օրենքը կարգավորում է շրջակա միջավայրի վրա նախատեսվող գործունեության և հայեցակարգի ազդեցության փորձաքննության իրավական, տնտեսական և կազմակերպական հարաբերություններն, ինչից բխում է, որ գույքային պատասխանատվության հետ կապված հարաբերությունները հիշյալ օրենքի կարգավորման առարկան չեն: Գույքային պատասխանատվության հետ կապված հարաբերություններն արդեն իսկ կարգավորված են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 27-րդ, 60-րդ, 62-րդ հոդվածներով և այլն:
3. Հարկ ենք համարում տեղեկացնել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը օրենսդրական նախաձեռնության կարգով Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության նոր օրենքի նախագիծ (Կ-312-05.08.2013-ԳԲ-010/0), որն արդեն իսկ ընդգրկվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նստաշրջանի օրակարգում:
Ելնելով շարադրվածից՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեմ է ներկայացված օրենքի նախագծի ընդունմանը»։ Գործադիրը «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ եզրակացությունը կհաստատի հունիսի 12-ի նիստում։
Հունիս 12, 2014 at 12:32
