Panorama.am
Ընթացիկ տարում բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից տնտեսվարող սուբյեկտներում իրականացվել է 725 ստուգում, մինչդեռ 2008-ին տեսչության իրականացրած ստուգումների թիվը հասել է 1752-ի: Այս մասին ամփոփիչ ասուլիսում ասաց բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:
Ստուգումների քանակի այսպիսի տարբերությունը նախարարը բացատրեց նրանով, որ տնտեսական ճգնաժամի պայմաններում մանր ու միջին բիզնեսին օժանդակելու նպատակով կառավարությունը սահմանափակել է ստուգումները:
«Տեսչության աշխատանքները կրել են ինչպես անմիջականորեն տնտեսվարող սուբյեկտների մոտ ստուգումների իրականացման, այնպես էլ օպերատիվ աշխատանքների կազմակերպման, նախարարության «թեժ գծով» և մամուլում տեղ գտած հրապարակումների հիման վրա իրականացված ուսումնասիրությունների արդյունքում»,-ասաց Ա. Հարությունյանը:
Նրա գնահատականով, այս տարի տեսչության կատարած աշխատանքների արդյունավետության և որակի աճ է գրանցվել:
Այսպիսով` այս տարվա գրանցած 725 ստուգումների արդյունքում հայտնաբերվել է 793 տարբեր բնապահպանական խախտում, որոնց համար կազմվել է 547 վարչական իրավախախտման ակտ` 34,4 մլն դրամ գումարով, ինչպես նաև շրջակա միջավայրին հասցված վնասի 348 արձանագրություն` 153 մլն դրամի:
Ըստ նրա, տեսչության կողմից հատուկ ուշադրություն է դարձվել կենդանական ու բուսական աշխարհի պահպանության խնդիրներին: Սյունիքի ու Տավուշի մարզերում հայտնաբերվել են Կարմիր գրքում գրանցված կանադանիների` այծյամի, վայրի խոզի, բեղլուի և գետի կողակի, ինչպես նաև ապօրինի ձկնորսության մի շարք դեպքեր:
Ինչպես նկատեց Ա. Հարությունյանը, խախտումների համար կազմվել է 316 վարչական տուգանքի ակտ, գանձվել է 26 մլն դրամ: Բացի այդ, գրանցվել է 336 վնասի արձանագրություն` 125 մլն դրամով և առգրավել է որսի ու ձկնորսության մեծ քանակությամբ գործիքներ:
Նշենք, որ խախտումներ են հայտնաբերվել նաև ջրային ռեսուրսների պահպանության և օգտագործման ոլորտում: Ընդհանուր առմամբ գրանցվել է 74 խախտում, կազմվել է վարչական տուգանքի 49 ակտ` 5 մլն դրամով և վնասի հատուցման 8 արձանագրություն` 17,8 մլն դրամով: Բացի այդ, ընթացիկ տարում ճշտվել են Արարատյան դաշտավայրի խորքային հորերի թիվը, դրանց շահագործման օրինաչափությունն ու ջրառի ծավալները:
Ի դեպ, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 17 մասնաճյուղերում և 2 հատուկ պահպանվող տարածքներում կատարած ստուգումների արդյունքում հայտնաբերվել է 968 ապօրինի ծառահատման դեպք, որի համար հաշվարկվել է 52 մլն դրամի վնաս: Իսկ տեսչության կիրառած պատճամիջոցներից բյուջե է մուտքագրվել 118.4 մլն դրամ:
ՃԳՆԱԺԱՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԲՆՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՒՅՆԻՍԿ ՇԱՀԵԼ Է, ԱՍՈՒՄ Է ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
Նելլի Դանիելյան, «Ռադիոլուր»
Բնապահպանության նախարար Արամայիս Հարությունյանն ամփոփել է անցնող տարում իր ղեկավարած ոլորտում կատարված աշխատանքները: Նախարարը գոհունակություն է արտահայտել կատարված աշխատանքներից, միաժամանակ շեշտելով, որ անելիքներ դեռեւս շատ կան:
Մասնավորապես, խոսքը Սեւան ազգային պարկի տարածքում արդեն կատարված եւ հաջորդ տարիների համար նախանշված ծրագրերի մասին է: Համաշխարհային տնտեսական ճգնաժամից հայաստանյան բնությունը, Արամ Հարությունյանի խոսքով` ոչ միայն չի տուժել, այլեւ հակառակը, նույնիսկ շահել է:
Դեկտեմբեր 26, 2009
