

Հրապարակ
Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը հանդես է եկել արտահերթ զեկույցով: Այլ հարցերի թվում նա անդրադարձավ նաեւ Մարիամ Սուխուդյանի գործին, որը թերեւս ամենաաղմկոտն էր 2009-ի քրեական խճանկարում:
Օմբուդսմենը հայտարարեց, որ իր գրասենյակի աշխատակիցները հանդիպել են մտավոր զարգացման խնդիրներ ունեցող երեխաների թիվ 11 հատուկ դպրոցի նախկին եւ ներկա սաների հետ եւ նրանց հետ զրույցներում պարզել, որ Մարիամ Սուխուդյանի բացահայտումներն անհիմն չէին: Արմեն Հարությունյանի այս հայտարարությունը հեռարձակվեց «Հայլուրով», այսինքն, այն նույն ծրագրով, որը մոտ 1 տարի առաջ սկսել էր լրագրողական հետաքննությունը հարցի շուրջ եւ ընկալվեց որպես փոքր, բայց էական հաղթանակ Հայաստանում մարդու իրավունքների համար պայքարում:
Մարիամ Սուխուդյանի շուրջ բարձրացած աղմուկից հետո կրթության նախարարությունը 1 տարի ուշացումով զբաղվեց խնդրով: Այս աղջկան այլ երեխաների հետ տեղափոխեցին հանրակրթական դպրոցներ, որտեղ նա հայտնվելու հույս չուներ: 11-րդ դպրոցում նրան ներշնչել էին, որ ինքն արդեն "նորմալ" չէ, եւ «նորմալների» դպրոցն իր համար չէ: Այս աղջիկն այսօր լավ առաջադիմություն ունի, անգլերեն է սովորում: Հարցրեցի նրան Մարիամի մասին: Ռեակցիան անսպասելի էր: Վախեցած նայեց մորը եւ արագ փոխեց թեման:
Այնուամենայնիվ, ինչպե՞ս ստացվեց, որ 11-րդ դպրոցի գործը դարձավ գործ ընդդեմ Մարիամ Սուխուդյանի, որը նկատել եւ բարձրաձայնել էր այն հիվանդ հարցերը, որոնց մասին շատերը գիտեին, բայց լռում էին: Ինչո՞ւ նրա կողքին պայքարող միայն լրագրողներն ու նրա մի բուռ ընկերները մնացին: Կարելի է, իհարկե, մեղադրել քննիչներին, ոստիկանությանը, նույնիսկ քաղաքականացնել հարցը, պնդել, թե այսկերպ իշխանությունները պայքարում են հասարակական ակտիվիստների դեմ: Մանավանդ, որ Մարիամն ու ընկերները հաճախ էին ցավոտ հարցեր բարձրացնում՝ սկսած Թեղուտի անտառների պաշտպանությունից, վերջացրած Սեւանի ավազանում պոչամբար կառուցելու դեմ պայքարից: Ի դեպ, իշխանությունները Մարիամի բարձրացրած «շուխուռից» հետո հրաժարվեցին այս մտքից: Իրական պատճառը, սակայն, ոչ թե քաղաքական, այլ, ինչպես Մարիամն է ասում, քաղաքացիական էր: Նրանք, ում համար պայքարում էր Մարիամ Սուխուդյանը, չցանկացան պաշտպանվել: Ստացվեց, որ 11-րդ հատուկ դպրոցի գործի հետեւում չկար պահանջատեր ոչ աղջիկների ծնողներից, ոչ նախկին եւ ներկա մանկավարժներից, ոչ այն ՀԿ-ներից, ովքեր տեղյակ էին խնդրին: Չկար մեկը, որ չվախենար ասել՝ ես թույլ չեմ, ես ճնշված չեմ, ես ազատ եմ, ես չեմ վախենում՝ հիվանդություն, որն ամենալավը ծանոթ է թերեւս մեզ՝ լրագրողներիս, եւ որի դեմ դեղատոմսը ոչ լրագրողները, ոչ քաղաքական գործիչները, ոչ էլ ակտիվիստները դեռ չեն գտել: Մի անգամ Մարիամին հարցրի՝ այսքան լավ գործեր ես անում, ինչո՞ւ չես կազմակերպություն գրանցում: Պատասխանեց. «Ինչի՞ս է պետք: Ես չեմ անում մի բան, որ չկարողանա անել մեզանից յուրաքանչյուրը, առանց կազմակերպության եւ գրանտի: Չի կարելի մեղադրել միայն իշխանությանը: Չէ որ մի օր էկոլոգիական եւ այլ աղետների առաջ մեզ կանգնեցնող պաշտոնյաները կասեն՝ լավ, ես սխալ եմ եղել, փող եմ աշխատել, բայց դու բռնեցի՞ր ձեռքս: Մեզանից ով ինչ կպատասխանի»:
ՀԳ - Իմացա, որ վագրի տարում Մարիամ Սուխուդյանն ու նրա ընկերները մտադիր են պայքարել նոր աղետի դեմ: «Պատկերացնո՞ւմ ես, 200 հազարից ավելի հեկտար հողեր պետությունը տվել է, որ 2010-ին հետախուզական աշխատանքներ արվեն,- ասաց Մարիշը հեռախոսով,- այդքանի կեսը մետաղական հանքեր են: Մտադիր ենք, որ սրա դեմ էլ ակցիաներ անենք, թե չէ Հայաստանին շուտով կարող է էկոլոգիական ապաստարան պետք գալ»: «Բայց չէ որ այդքանը անտառներ չեն»: «Չգիտեմ»,- պատասխանեց եւ հիշեց բնապահպանության նախարարին: Նա վերջերս ասել էր՝ եթե պարզվի, որ անտառի տակ հանք է, անտառը կկտրենք, ուրիշ տեղ կտնկենք:
Դեկտեմբեր 30, 2009
