

ԷկոԼուր
«Վերջին 5 տարում Սևանի մակարդակը երեք անգամ ավելի քիչ է բարձրացել, քան նախորդ հինգ տարիների ընթացքում»: Այս մասին «Բիբլիական աղետ» ֆիլմի քննարկման ժամանակ ասաց Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանը: Նրան պատասխանեց ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Մհեր Մկրտումյանը. «Արփա- Սեւանի հետ կապված ծրագիր է իրականացվում, հարց հնչեց պարոն Գալստյանի կողմից, որ ինչի է վերջին 5 տարում ավելի քիչ եղել, որովհետեւ վերջին հինգ տարում մենք առաջին անգամ «Արփա-Սեւան» թունել ենք վերանորոգում: Դուք գիտեք, որ հինգ ու կես միլիարդ խմ ջուր է տեղափոխվել «Արփա-Սեւան» թունելով Սեւան: Այսինքն, այս թունելի կառուցման տնտեսական էֆեկտն արդեն իրեն արդարացրել է, բայց եթե մենք այդ գումարները չծախսենք, չվերականգնենք, մենք թունել չենք ունենա: Դրա համար է Սեւանա լիճ քիչ ջուր տեղափոխվել»:
2014թ-ի հունիսի 5-ի դրությամբ Արփա-Սեւան թունելով Սեւանա լիճ է հոսել 87.177 միլիոն խմ ջուր: 2014թ-ին ջրի տեղափոխումը թունելով դադարեցվել է 7 ամիս, 2013թ-ին` 9 ամիս, 2012թ-ին` 10 ամիս, 2011-ին` 12 ամիս, իսկ 2010թ-ին` 4 ամիս:
Ինչպես Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լեւոն Գալստյանին նամակով տեղեկացրել է ՀՀ ջրային տնտեսության կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը, 1999-2014թթ. մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում «Որոտան-Արփա-Սեւան» հիդրոհամալիրի շահագործման եւ պահպանման նպատակով ՀՀ պետական բյուջեից ծախսվել է 4015101.5 հազար դրամ:
«Արփա-Սեւան» թունելի տեխնիկական վիճակի ուսումնասիրությունը կատարվել է Աբու-Դաբի Զարգացման Հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Արփա-Սեւան» թունելի հիմնանորոգման վարկային ծրագրով: Համաձայն 2009թ-ի հունիսի 8-ին կնքված պայմանագրի` «Արփա-Սեւան» թունելի տեխնիկական վիճակի ուսումնաիրման, նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման եւ փորձաքննության անցկացման համար վճարվել է 60802.500 հազար դրամ:
Հուլիս 18, 2014 at 14:30
