

ԷկոԼուր
Հայաստանում հելիոֆիկացման ծրագրի հեղինակ, ֆիզիկական գիտությունների դոկտոր Վահան Համազասպյանը համոզված է, որ արևային էներգիայի հաշվին Հայաստանը կարող է լուծել իր էներգետիկ անվտանգության հարցը: Նրա պնդմամբ Հայաստանի էներգետիկ պահանջի 60%-ը կարելի է լուծել արևի օգնությամբ: Ըստ նրա` հելիոհամակարգերի օգտագործումը 100 անգամ ավելի մատչելի է, քան էներգիայի այլ աղբյուրների օգտագործումը: Նաև կարելի է կազմակերպել հելիոհամակարգերի արտադրությունը և արտահանումը, ինչը շահութաբեր կլինի երկրի համար: Համազասպյանը վստահ է, որ արևային տեխնոլոգիաները շատ հարմար են էլիտար գյուղմթերքների արտադրության համար, եւ բնակիչները հնարավորություն կունենան արտադրել էկոլոգիապես մաքուր մթերքներ:
«Ես 1993 թ-ին ուսումնասիրեցի հետևյալ խնդիրը՝ ինչ ուղղությամբ կարելի է զարգացնել Հայաստանի արդյունաբերությունը: Ինձ ավելի շատ հուզում էր Հայաստանի արդյունաբերության կախվածությունը ռուսական կամ սովետական ռազմական արդյունաբերությունից: Երբ երկիրը քանդվեց և հայտարարեցին, որ բոլոր գործարանները փակվում են, պետք էր գտնել մի այնպիսի ոլորտ, որտեղ մենք կարող էինք անցնել նոր արտադրատեսակի: Դա հելիոհամակարգն է»,- ԷկոԼուրի հետ զրույցում ասաց Վահան Համազասպյանը:
Հայ գիտնականի մշակումներով հետաքրքրվել են երկրի սահմաններից դուրս: «Իրանի դեսպանը եղել է մեր պալիգոնում: Նրանք հասկանում են, անկախ նրանից, որ Իրանը ունի շատ գազ և նավթ, մի օր այդ ամենն ավարտվելու է և անհրաժեշտություն է առաջանալու անցնել արևին, քանի որ արևի պոտենցիալը ավելի հզոր է,- ասաց գիտնականը,- ես առաջարկել եմ` արևային սարքի արտադրության մեկ գործարան կառուցվի Իրանում և մեկ գործարան Հայաստանում»:
Նա նաև անդրադարձավ էներգետիկայի այլ ուղղությունների զարգացման խնդրին: «Փոքր ՀԷԿ-երի գաղափարը, որպես վերականգնվող էներգետիկա, սկզբից շատ հրապուրիչ էր, բայց երբ ջուրը փակվում է խողովակների մեջ և շրջակա միջավայրի էկոհամակարգը խախտվում է, դա արդեն բերելու է չարիքի: Իհարկե, անհրաժեշտ է էներգետիկ կենսունակության ապահովման համակարգ: Եթե պատերազմ լինի, շրջափակում լինի, որոշ ժամանակ կարելի է օգտվել այդ համակարգից, բայց ամբողջ տարին օգտագործել և ոչնչացնել էկոհամակարգը՝ վտանգավոր է»,- կարծում է գիտնականը:
Ինչ վերաբերում է Հայաստանի ատոմային էլեկտրակայանին, ապա, Համազասպյանի կարծիքով, այն պետք է հնարավորինս շուտ փակել և անցնել նոր էներգաբլոկի շուտափույթ կառուցմանը: «Անընդհատ երկարաձգել հին էներգաբլոկի շահագործումը վտանգավոր է: Էներգաբլոկը կարող է գործել 30 տարի: Նոր էներգաբլոկը պետք է կառուցել հինը փոխելու համար»:
Օգոստոս 06, 2014 at 01:13
