Սևանի մակարդակը նախորդ տարվա համեմատ 9-ը սմ-ով իջել է

Սևանի մակարդակը նախորդ տարվա համեմատ 9-ը սմ-ով իջել է

ԷկոԼուր

Սևանի մակարդակը անցյալ տարվա համեմատ իջել է 9 սմ-ով: Այս մասին ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը ասաց «Խոսրովի անտառ» պետական արգելոցում իր 100-օրյա աշխատանքային գործունեությանը նվիրված ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ:

«Պլանավորված ծրագրով մինչև 2030 թ-ը Սևանը պետք է հասնի 1903,5 նիշին: Ցավոք, պիտի նշեմ, որ, ելնելով սակավաջրությունից, այս տարի Ազգային ժողովը որոշում կայացրեց ոռոգման նպատակով Սևանից բաց թողնել մինչև 270 միլիոն խմ ջուր: Այսօրվա դրությամբ մոտ 130 միլիոն խմ ջուր արդեն բաց է թողնվել, և, համեմատած նախորդ տարվա հետ, մենք ունենք մինուս 9 սմ տարբերություն,- հայտնեց նախարարը՝ հուսալով, որ կարճ ժամանակ հետո ոռոգման սեզոնը կավարտվի, և մակարդակը կբարձրանա:

Նշենք, որ 2014թ-ի ապրիլի 23-ի 432-Ա որոշմամբ Սևանա լճից բաց թողնվեց 170 միլիոն խմ ջուր, իսկ 2014թ-ի հուլիսի 17-ի 696-Ա որոշմամբ Սևանա լճից ջրառի չափը հասցվեց 245 միլիոն խմ-ի, որը բավականացնելու է մինչև 2014թ-ի օգոստոսի 16-ը:

Սա նշանակում է, որ ՀՀ կառավարության մոտակա նիստի օրակարգում կհայտնվի որոշման նախագիծ Սեւանից ջրառը 270 միլիոն խմ-ի հասցնելու վերաբերյալ:  

Ասուլիսի ընթացքում ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ասել է, որ իրենք Սևանա լճի մակարդակի բարձրացման հարցում մի բան էլ առաջ են անցել: «Պլանային ծրագրով 1 մետրով ժամանակի հետ կապված մենք առաջ ենք անցել, այսինքն, տրված ժամանակի համեմատությամբ Սևանը 1 մետրով ավելի է բարձրացված, քան նախատեսված էր պլանով»,- ասել նախարարը: 

Հայաստանում ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող Արամ Գաբրիելյանը ԷկոԼուրի հետ զրույցում ասաց, որ  պետք է ժամ առաջ Սևանա լճի մակարդակը բարձրացնել: «10 տարվա ընթացքում մենք պետք է շատ բարձրացնենք լճի մակարդակը: Մենք ունենք ուսումնասիրություն, որ այսօր Սևանի ընդհանուր ծավալի ջերմաստիճանը մոտ 3 աստիճան է: 3 աստիճան նշանակում է, որ լճի մակարդակը պետք է բարձրանա ոչ թե 6.5 մետրով,այլ մոտ 12 մետրով»,- ասաց Արամ Գաբրիելյանը` նշելով, որ 6.5 մետր թիվը հաստատվել է 60-ականներին արված հետազոտությունների արդյունքում, երբ կլիմայական պայմաններն այլ էին:

Մանրամասները՝ տեսանյութում:



Օգոստոս 12, 2014 at 14:30


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր