Գլոբալ տաքացումն ամենածանր հարվածը հասցրեց Հայաստանի ջրային ռեսուրսներին

Գլոբալ տաքացումն ամենածանր հարվածը հասցրեց Հայաստանի ջրային ռեսուրսներին

ԷկոԼուր

Հայաստանում գլոբալ տաքացումն արտահայտվում է ամենավատ սցենարով: Առաջին եւ ամենածանր հարվածը հասցվեց ջրային ռեսուրսներին: Փաստերն ու մեկնաբանությունները «ԷկոԼուր» մամուլի ակումբում ներկայացրեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը և Հիդրոմետ ծառայության հիդրոլոգիայի կենտրոնի պետ Լևոն Ազիզիյանը, ինչպես նաև Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող Արամ Գաբրիելյանը:

Այս հրապարակման մեջ ներկայացնում ենք ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հիդրոլոգիայի կենտրոնի պետ Լևոն Ազիզիյանը ելույթը սակավաջրության վերաբերյալ:

«Դեռևս մարտի 3-րդ տասնօրյակին հանրապետության ղեկավար մարմիններին՝ Նախագահի աշխատակազմ, կառավարություն, տրվել է կանխատեսում, որ գետերում սպասվում է սակավաջուր ռեժիմ, այսինքն, ջրային հոսքը կազմել է նորմայից 50-60 տոկոս: Ապրիլ ամսին մենք տվեցինք կանխատեսման ճշգրտում, էլ ավելի սակավ՝ կանխատեսելով 30-60 տոկոս հոսք: Սակավաջուր ռեժիմը պայմանավորված էր նրանով, որ 2013թ-ի աշնանային ամիսներին տեղումները շատ ցածր են եղել, հատկապես հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին: Ձմեռային ամիսներին տեղումները նույնպես ցածր են եղել: Ձնածածկույթը նորմայից մոտ 2-3 անգամ ցածր է եղել: Ապրիլ ամսին տեղումները կազմել են նորմայից 25-50 տոկոսը, եկած տեղումների 90 տոկոսը եղել են ներզանգվածային բնույթի, որոնք ընդգրկում են լոկալ շրջաններ և հոսքագոյացման գործընթացի վրա չեն ազդում: Արդյունքում ունեցանք հետևյալը՝ հողը խոնավ չէր, մարտ ամսին ջերմային ֆոնը բավականին բարձր էր՝ 2-5 աստիճան, հոսքը նորմայի առանձին կետերում կազմել է անգամ 10 տոկոս՝ մոտ 9 անգամ պակաս»,- ասաց Լեւոն Ազիզյանը:

Նրա խոսքերով` Ախուրյանի գետավազանում հոսքը կազմել է 15-20 տոկոս, Քասախում՝ 20-30 տոկոս, Հրազդանի գետավազանում ապրիլին կազմել է 50 տոկոս, մայիսին՝ 22 տոկոս, հունիսին՝ 30 տոկոս: Անդրադառնալով ջրամբարների լցվածությանը` Լեւոն Ազիզյանն ասաց, որ 4 խոշոր ջրամբարներից և ոչ մեկում լցվածություն չի գրանցվել: «Ախուրյանի ջրամբարում առավելագույն լցվածությունը կազմել է 281 միլիոն խ/մ, այն ինչ 2013 թ-ին կազմել է 492 միլիոն խ/մ, Արփի լճի լցվածությունը կազմել է 43.6 միլիոն խ/մ, իսկ 2013-ին կազմել էր 66 միլիոն խ/մ, Ազատի ջրամբարում՝ 48.9 միլիոն խ/մ, 2013-ին՝ 52 միլիոն խ/մ, Ապարանի ջրամբարում՝ 24.7 միլիոն խ/մ, 2013 թ-ին կազմել էր  52.3  միլիոն խ/մ: Ընդ որում, սա վերջին 25 տարիների ընթացքում ամենացածր ցուցանիշն է»,- եզրափակեց Լեւոն Ազիզյանը: 



Սեպտեմբեր 23, 2014 at 13:11


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր