

ԷկոԼուր
Հոկտեմբերի 16-ին տեղի ունեցած ՀՀ կառավարության հերթական նիստի ավարտին վարչապետ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը դիմում է ներկայացրել աշխատանքից ազատվելու մասին և ցանկություն ունի իր աշխատանքը շարունակել մասնավոր սեկտորում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը:
Ըստ պաշտոնական աղբյուրի՝ Արմեն Գևորգյանը հետագայում նույնպես կհամագործակցի կառավարության հետ: Վարչապետն Արմեն Գևորգյանին շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար և հաջողություններ մաղթել ապագա աշխատանքում: Արմեն Գևորգյանն ասել է, որ անչափ զգացված է իր այս որոշմանը ըմբռնումով մոտենալու համար: Նա խորին շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին, գործընկերներին, միջազգային կազմակերպություններին, հանրապետության նախագահին՝ այս տարիներին այդ պատասխանատու պաշտոնն իրեն վստահելու համար: «Ես իրոք բավարարվածության մեծ զգացումով եմ հեռանում և հուսով եմ, որ իմ գետելիքներն ու ընդունակությունները նույնպես շարունակելու եմ ծառայեցնել մեր ընդհանուր գործին»,- ասել է Արմեն Գևորգյանը:
Այսպիսով, Արմեն Գևորգյանը` ամենապատրաստած քաղաքական գործիչներից մեկը, գնաց` տեղ չթողնելով այն խոսակցությունների համար, թե զբաղեցնելու է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի կամ այլ բարձրաստիճան պաշտոն:
Հարցն այն է, թե ով կզբաղեցնի այդ տեղը եւ կգլխավորի նախարարությունը, որը ներկայիս վարչապետ Հովիկ Աբրահամյանի ժամանակվանից ՀՀ կառավարությունում ամենաազդեցիկներից է: Ցավոք, կառավարության նշանակումները տարբեր ոլորտներում, որոնք պահանջում են բարձր արհեստավարժություն եւ պատրաստվածություն, լավատեսության տեղ չեն թողնում:
Հոկտեմբեր 16, 2014 at 17:54
