

ԷկոԼուր
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը ամփոփեց նախարարության 2014 թ. ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները դեկտեմբերի 22-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: Նախարարն իր ելույթում անդրադարձավ ոլորտի կարևոր խնդիրներին՝ իրավական ակտերի մշակմանը, Արարատյան դաշտի ջրային ռեսուրսներին, Սևանա լճի, փոքր ՀԷԿ-երի, Բնության հատուկ պահպանվող տարածքների, ընդերքօգտագործման խնդիրներին:
ԷկոԼուրը ներկայացնում է մամուլի ասուլիսի նյութերը ըստ թեմաների:
Սևանա լիճ.
Բնապահպանության նախարարը հայտնեց, որ Սևանա լճի մակարդակը 21.12.2014թ. դրությամբ հասնում է 1900.13մ, ինչը նախորդ տարվա նույն օրվա դրությամբ (1900.17մ) նվազել է 4 սմ-ով:
«Մենք ընդամենը մինուս 4 սմ տարբերություն ունենք, բայց մենք` ինքներս, մասնագետների ներկայությամբ նաև դրական միտումներ ենք տեսնում, և կարճ ժամանակ անց այս 4 սմ տարբերությամբ մինուսը, բնականաբար, կվերանա», - ասաց Արամայիս Գրիգորյանը:
ԷկոԼուրի հարցին՝ ինչի՞ հաշվին պետք է վերանա այդ 4 սմ բացասական բալանսը, նախարարը բառացիորեն պատասխանեց. «Գիտեք, խնդիրը հետևյալն է՝ կորուստը հիմնականում առաջանում է նրանից, որ ավելի շատ քամու ազդեցության տակ ջրի պակաս էր տեղի ունենում և կլիմայական պայմանների ավելացման դեպքում միևնույն ժամանակ քամին դադարեց, և դրական տենդենցը մենք այսօր տեսնում ենք նաև ավելցուկով, և կարճ ժամանակ հետո դինամիկան մեզ ցույց է տալիս, որ գնում ենք լրիվ դրական: Եթե մեր ասուլիսը տեղի ունենար մի քանի օր հետո, մենք կտեսնեինք, որ որոշակի նույնիսկ նվազել է»:
Արամայիս Գրիգորյանը համոզված է, որ Սևանի բարձրացման հետ կապված նախարարության առջև դրված խնդիրը կարճ ժամանակահատվածում կլուծվի:
«Հաջորդ տարի, երբ ամբողջությամբ վերանորոգվի Արփա-Սևան թունելը, ավելի շատ ջուր կուղորդվի դեպի Սևան, և բնականոն ձևով, շատ արագ մենք կկարողանանք բարձրացման խնդիրը լուծել», - նշեց նախարար Գրիգորյանը՝ հայտնելով, որ 2001 թ-ից Սևանա լճի մակարդակը բարձրացել է շուրջ 3.7 մետրով, նախատեսված 2.81 մ-ի փոխարեն (տարեկան 21.6 սմ): Այսօրվա իրավիճակով լճի բարձրացման ցուցանիշը փաստացի 0.89 մ-ով գերազանցում է օրենքով նախատեսվածից:
Ինչ վերաբերում է Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքներին, նախատեսված 150 հա տարածքն ամբողջությամբ մաքրվել է: 2015 թ-ին նախատեսված է մաքրել ևս 150 հա:
«Ես` ինքս, տեղում եղել եմ մի քանի անգամ, ուսումնասիրություն ենք իրականացրել, ստեղծել ենք խումբ, որը շաբաթական երկու անգամ հսկողություն էր իրականացնում: Եղել են նաև հասարակական կառույցի ներկայացուցիչներից և միանշանակ ներկայացրել են, որ մաքրման աշխատանքները Սևանա լճում առաջին անգամ պարկեշտ ձևով իրականացվում են», - ասաց Ա. Գրիգորյանը:
Անտառամաքրման արդյունքում առաջացած թափոնները կուտակվում են «Սևան» ազգային պարկի տարածքում՝ հետագայում դրամաշնորհային ծրագրով այն ալյընտրանքային վառելիքի վերածելու նպատակով: Նախարարի խոսքով՝ դրանք մատչելի գներով կտրամադրվեն ազգաբնակչությանը, ինչի արդյունքում վերջ կդրվի նաև ապօրինի անտառհատման խնդիրներին:
Ձկան պաշարների համալրման ծրագրի վերաբերյալ Արամայիս Գրիգորյանը նշեց, որ 2014 թ-ին Սևանա լիճ բաց է թողնվել ամառային իշխանի 200.0 հազար հատ (3 և ավելի գրամ) և գեղարքունիի 166.7 հազար հատ (5 և ավելի գրամ) մանրաձուկ:
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Սևանա լճում սիգի վտառի գլխաքանակը նախորդ տարվա համեմատ կայունացել է: Կայունացել են նաև խեցգետնի և կարաս ձկնատեսակի գլխաքանակները: Սևանա լճում էնդեմիկ, անհետացող տեսակների՝ հատկապես իշխանի, վերջին տարիներին կանոնավոր կերպով իրականացվող ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ լճում դրանց պոպուլյացիան ավելացել է:
Նախարարը նաեւ նշեց, որ որոշակի քանակի մանրաձուկ Սեւանա լիճ պետք է բաց թողնի «Սեւանի իշխան» ՓԲԸ-ն:
Անդրադառնալով որսագողության խնդրին՝ Արամայիս Գրիգորյանը նշեց, որ այսօրվա դրությամբ որս չի թույլատրվում, բայց որսագողությունը շարունակվում է:
«Ճիշտ է ՝ քչացել է քանակը, բայց, այնուամենայնիվ, մեզ դեռևս տեսանելի է վաճառվող ձուկը Երևանում, նաև Սևանում: Կարծես թե մեր տեսչական մարմինների աշխատանքը մեծ արդյունք չի տալիս: Մենք ավելի շատ երևի բարոյախրատական աշխատանքներ պետք է իրականացնենք տարածքներում բնակիչների հետ, որպեսզի բոլորին հասկանալի լինի, որ այդ ձուկը էլի իրենցն է, ոչ ոք Երևանից կամ Լոռիից չի գնալու ձուկ որսալու, ուղղակի այն ժամանակը, որ տրամադրում ենք, պիտի թողնեն, որպեսզի բազմանա, նոր հետո, եթե թույլտվություն կլինի, գնան, որս կատարեն: Ես ոչ թե ուզում եմ ծանրությունը մեր նախարարության վրայից գցեմ, այլ սա, իրոք, լուրջ խնդիր է: Մենք` ինքներս, լինելով Սևանում, առաջարկ ենք անում՝ բա ձուկ չունեք, բերեք մի հատ ձուկ փորձենք: Բնական է՝ եթե կա առաջարկը, նաև կլինի պահանջարկը»:
Դեկտեմբեր 24, 2014 at 14:10
