

ԷկոԼուր
ՀՀ գյուղատնտեսության նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ջրային տնտեսության ԾԻԳ» աջակցող թիմը արձագանքել է ԷկոԼուրի «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի» նախագծի վերաբերյալ «Գառնիի 200 բնակիչ ահազանգում է Խոսրովի արգելոցին, Քարերի սիմֆոնիային, Գառնիի ձորին եւ Գառնի գյուղին սպառնացող վտանգի մասին» եւ «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի նախագիծը հակաբնապահպանական եւ հակասոցիալական է» հրապարակումներին: ԷկոԼուրին ուղարկված նամակում մասնավորապես ասված է. «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման նախագծի շուրջ Գառնի համայնքում կայացած հանրային լսումներին պարբերաբար հետևում են բնապահպանական որոշ կազմակերպությունների և լրատվամիջոցների արձագանք - մտահոգությունները, որոնց վերաբերյալ լրացուցիչ պարզաբանում ենք ներկայացնում: Նախ վստահեցնում ենք, որ նախագծի պատվիրատու և իրականացնող կողմերն ի դեմս ՀՀ գյուղատնտեսության նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ջրային տնտեսության ԾԻԳ» ՊՀ - ի և «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ - ի, պակաս մտահոգ չեն երկրի և մասնավորապես տվյալ նախագծին առնչվող սոցիալական և բնապահպանական խնդիրներով: Հետևաբար, նախագծում, բացի տնտեսական շահավետությունից, ներառված են նաև մեր մասնագետների մոտեցումները, տրված են բոլոր հիմնական հարցադրումների պատասխանները: Դրանք բազմիցս ներկայացվել են մասնագիտական քննարկումների, ինչպես նաև շահառու համայնքներում կազմակերպված հանրային լսումների ընթացքում: Վերջին քննարկումը Գառնիում կայացել է դեկտեմբերի 20-ին, որն, ի տարբերություն նախորդ հանրային քննարկումների տապալման փորձերի, ընթացել է երկխոսության մթնոլորտում:
Համայնքի կողմից ներկայացված և որոշ լրատվամիջոցներում շրջանառվող արձանագրությունը մասամբ է միայն արտացոլում հանրային լսումների ընթացքը, հնչած հարցադրումներն ու դրանց պատասխանները, մեկնաբանություններն ու պարզաբանումները (դրանք առավել օբյեկտիվ արտացոլված են տեսագրությունում): Անհրաժեշտ ենք համարում նշել, որ արձանագրությունում ( թեև ներկայացվածն առավելապես կարելի է համարել համայնքի բնակիչների դիրքորոշումներն ու մտահոգությունները ներառող գրություն, քան արձանագրություն) ներկայացված փաստերն ու կարծիքները հիմնավորված չեն: Պնդումը, թե տարածքը գտնվում է « Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում, չի համապատասխանում իրականությանը: Գլխամասի կառուցապատման և խողովակաշարի անցկացման աշխատանքները ոչ մի տեղում չեն հատում Ազատ գետը, որն այդ հատվածում «Խոսրովի անտառ» պետական արգելոցի սահմանն է: Ծրագրի իրականացման տարածքները Ազատ գետի աջափնյա տեղամասերում են, իսկ արգելոցը գտնվում է գետի ձախ ափին:
2. Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի գլխամասը տեղակայված է ՀՀ կառավարության 2008 թ - ի N 967- Ն որոշմամբ հաստատված ցանկում ներառված «Բազալտե երգեհոն» բնության հուշարձանի ( ժողովրդական լեզվով առավել հայտնի՝ «Քարերի սիմֆոնիա») տարածքից 1.3 կմ դեպի վար ` գետի հոսանքով: Ներկայումս դեռևս չկա այս հուշարձանի հաստատված անձնագիրը, բայց նույնիսկ դրա առկայության կամ բնության այս հուշարձանի և պահպանման գոտու սահմանների հստակեցման պարագայում 1.3 կմ - ը բավականաչափ հեռավորություն է` պնդելու համար, որ նախագծի իրականացումը բնական հուշարձանի վրա էական ազդեցություն չի ունենա: Կարմրախայտ ձկնատեսակի իսպառ վերացման կամ այդ ձկնատեսակի էնդեմիկ լինելու մասին պնդումները ևս զուրկ են հիմնավորումներից: Կարմրախայտ (Salmo trutta fario) ձկնատեսակը Հայաստանի համար էնդեմիկ չի հանդիսանում, այն տարածված է ոչ միայն մեր երկրում, այլև Եվրոպայի, Կովկասի, Փոքր Ասիայի, Անդրկովկասի գետերում (Ս. Պիպոյան, Ձկնաբանություն և ձկնաբուծություն, Երևան -2012, էջ 167):
Հիշեցնենք, որ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվում է Ոռոգման համակարգերի բարելավման ծրագիրը, որի բաղադրիչներից մեկով նախատեսված է կառուցել 4 ինքնահոս ոռոգման համակարգեր` Մեղրիի, Քաղցրաշենի, Բաղրամյան - Նորակերտի և Գեղարդալճի: Քաղցրաշենի համակարգի նպատակն է ինքնահոս ոռոգման ջուր ապահովել Արարատի մարզի 12 համայնքների 854 հա հողերի համար, որոնք ներկայումս ոռոգման ջուրն ստանում են պոմպակայանների միջոցով` ծախսելով տարեկան շուրջ 11 մլն Կվտ / ժամ էլեկտաէներգիա: Բացի դա, այս համակարգի կառուցումը հնարավորություն կընձեռի ոռոգման ջրով ապահովել ևս 378 հա նոր ոռոգելի հողատարածքներ: Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի գլխամասը նախատեսվում է տեղակայել Ազատ գետի վրա` Ազատ և Գողթ գետերի միախառնումից 1 կմ ներքև: Ջրառը նախատեսվում է իրականացնել միայն ոռոգման սեզոնին` ապրիլից մինչև հոկտեմբեր, պահպանելով գետի բնապահպանական թողքը, որը հաշվարկվել և հաշվի է առնվել նախագծում և կազմում է 0.85 մ 3/ վրկ: Բոլոր հաշվարկները, ցուցանիշները և նկարագրությունները մանրամասնորեն ներկայացված են նախագծում»:
Հունվար 12, 2015 at 14:37
