

ԷկոԼուր
Շատ զարգացած երկրներ՝ Ռուսաստանը, Գերմանիան, Ֆրանսիան, Չինաստանը, Ճապոնիան, Կորեան, Դանիան և այլն հրաժարվել են մասնակցել ալյուրը հավելանյութերով հարստացնելու ծրագրին: Այս մասին սույն թվականի հունվարի 22-ին` Հանրային խորհրդում «Ցորենի ալյուրի հարստացման» մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ քննարկման ժամանակ, հայտարարեց Հայկական տեխնոլոգիական ակադեմիայի անդամ, կենսատեխնոլոգ Ալեքսանդր Սելիմյանը:
Նա հարց բարձրացրեց՝ թե ինչու Հայաստանը չի հետևում այդ երկրների օրինակին և գնում է այնպիսի երկրների ճանապարհով, ինչպիսիք են` Ադրբեջանը, Տաջիկիստանը, Թուրքիան, Վրաստանը, Ալբանիան և այլն:
«Եթե դա այդքան լավ բան է, ինչո՞ւ շատ երկրներ` ամենակարևորը Իսրայելը, չեն ընդունել այս ծրագիրը, ի՞նչ է, Իսրայելը չունի՞ առողջապահության նախարարություն: Կա վախ, որ մեզ ուզում են որպես փորձադաշտ-երկիր օգտագործել», - ասաց Ալեքսանդր Սելիմյանը:
Հանրային խորհրդի առողջապահության հանձնաժողովի նախագահ Հայրապետ Գալստյանն ընդհատեց Ա. Սելիմյանին՝ նշելով, որ «փորձադաշտ» բառով նա մեղադրում է մի ամբողջ կառույցի: Իսկ ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը հետևյալ կերպ արձագանքեց. «Ալյուրի հարստացման գաղափարը առաջացել է Ռուսաստանում` 20-ական թթ, հեղափոխությունից հետո, հետո դադարեցրել են հարստացումը, և Սովետական Միության մինչև վերջին օրերը ալյուրը հարստացվել է, այդ իսկ պատճառով ասել` ինչի չի արվել ես չեմ կարող:
Եվրոպական երկրներում դա անում են ավելի թիրախային, բայց եվրոպական երկրների մի մասը իր հարստացման ծրագրերը իրականացնում է սննդամթերքի միջոցով, ոչ թե ալյուրի, և դուք շատ հանգիստ այսօր Հայաստանում կարող եք տեսնել եվրապական մի շարք ապրանքներ, որոնք պարունակում են հարստացված երկաթ, ֆոլաթթու և այլն: Մենք իմացել ենք, որ նաև Ռուսաստանը շատ շուտով իր մոտ ընդունելու է օրենք երկաթի և ֆոլաթթվով հարստացման մասին»:
Հունվար 27, 2015 at 13:39
