

ԷկոԼուր
ՀՀ ԱԺ Առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանն առաջարկում է ընկերությունների բնապահպանական վճարներն ուղղել նաեւ շրջակա միջավայրի աղտոտմամբ պայմանավորված առողջապահական խնդիրների լուծմանը: Սույն թվականի հունվարի 15-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Արա Բաբլոյանի հեղինակած «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծին: Այն ուղարկվել է ՀՀ ԱԺ:
«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքով բնապահպանական վճարներ են կատարում «Մանես եւ Վալեքս», «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Կապանի լեռնահարստացման կոմբինատ», «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ», «Արարատցեմենտ» ՓԲԸ-ները, «Հրազդանցեմենտ» ՍՊԸ-ն եւ Չարենցավանի «Ձուլակենտրոն» ԲԲԸ-ն:
2013թ-ին այս ընկերությունների բնապահպանական վճարների շնորհիվ Հայաստանի 11 համայնքներ պետական բյուջեից 321.7 միլիոն դրամ սուբվենցիաներ են ստացել: Սակայն, ինչպես նշված է օրինագծի հիմնավորման մեջ` օրենքում հստակեցումների բացակայության պատճառով այդ գումարները ծառայել են փողոցների ասֆալտապատման, խաղահրապարակների նորոգման, նախադպրոցական հաստատությունների երեխաներին եւ հղիներին սննդի տրամադրման եւ այլ միջոցառումների համար: «Անհրաժեշտ է միջոցներն օգտագործել ավելի նպատակային եւ դրանք ուղղել այնպիսի միջոցառումների ֆինանսավորմանը, որոնք կօգնեն կանխարգելել, նվազեցնել կամ վերացնել ընկերությունների կողմից համայնքների էկոհամակարգին եւ բնակչության առողջությանը հասցրած վնասի հետեւանքները»,- նշված է օրինագծի հիմնավորման մեջ:
Օրինագծով առաջարկվում են հետեւյալ միջոցառումները՝
«- կապված շրջակա միջավայրի աղտոտման բացասական ազդեցության հետ՝ բնակչության առողջական վիճակի պարբերական զննությունների, սկրինինգների իրականացում, դրանց իրականացման համար անհրաժեշտ սարքավորումներով եւ այլ գույքով հագեցում.
- առողջապահական ծրագրերի մշակման համար անհրաժեշտ հետազոտությունների իրականացում, ինչպես նաեւ համաճարակաբանական հսկողության իրականացում այն հիվանդությունների նկատմամբ, որոնք պայմանավորված են շրջակա միջավայրի աղտոտմամբ.
- համայնքի բնակիչների շրջանում շրջակա միջավայրի աղտոտմամբ պայմանավորված հիվանդությունների բուժման ծրագրերի իրականացում.
- կանխարգելիչ միջոցառումների իրականացում, այդ թվում՝ բնակչության տարբեր խմբերի համար առողջության վրա շրջակա միջավայրի աղտոտվածության վտանգավոր հետեւանքները նվազեցնելու նպատակով ուսուցողական ծրագրերի իրականացում, հիգիենիկ գիտելիքների քարոզչություն, հիգիենայի կանոնների պահպանման, խմելու ջրի օգտագործման վերաբերյալ տեղեկատվության տրամադրում.
- հատուկ սննդակարգի մշակում եւ տրամադրում համայնքի շրջակա միջավայրի աղտոտվածությամբ պայմանավորված խոցելի խմբերի բնակիչներին…»:
Փետրվար 10, 2015 at 18:49
