

ԷկոԼուր
ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը Տորոնտոյում հանդիպել է Հայաստանում հանքարդյունաբերական գործունեություն ծավալող «Lydian International», «Dundee Precious Metals», «Centerra Gold inc» ընկերությունների ղեկավարների հետ: Քննարկվել են Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում ներդրումների ներգրավման և գործունեության ընդլայնման հետ կապված հարցերը: ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարներին նախարարության պաշտոնական կայքի համաձայն` հանդիպումը կայացել է նախարար Երվանդ Զախարյանի մարտի 1-ից 3-ին Տորոնտեյում հանքարդյունաբերության ոլորտի ամենամյա միջազգային համաժողովին մասնակցելու ժամանակաշրջանում:
Հիշեցնենք, որ Հայաստանում «Lydian International» ընկերությունն իրականացնում է Ամուլսարի ոսկու հանքավայրի ծրագիրը: «Dundee Precious Metals» ընկերությունը շահագործում է Շահումյանի ոսկու բազմամետաղային հանքավայրը: «Centerra Gold inc»ընկերությունը շահագործում է Կումտորի ոսկու հանքը Ղրղզստանում եւ Բարուի ոսկու հանքը Մոնղոլիայում: Հետաքրքիր է, թե Հայաստանում որ հանքավայրով է շահագրգռված այս ընկերությունը:
Տորոնտոյի համաժողովի հիմնական նպատակն էր բնական պաշարների ոլորտում խթանել նոր գործարար ուղիներ՝ Կանադայի և Եվրասիական տարածաշրջանի երկրների միջև: Համաժողովը միաժամանակ հիանալի հնարավորություն է մասնակից երկրների համար ներկայացնել ընդերքի ոլորտում ունեցած հնարավորություններն ու առաջարկները:
Համաժողովին ելույթ ունենալով` նախարար Երվանդ Զախարյանը ներկայացրել է Հայաստանի ընդերքի ոլորտի քաղաքականությունը, օրենսդրական դաշտը, բնագավառի ընթացիկ իրավիճակն ու զարգացման հեռանկարները:
Տորոնտոյի հանքարդյունաբերության ոլորտի համաժողովին յուրաքանչյուր տարի մասնակցում է 100 երկրների շուրջ 25 հազար ներկայացուցիչ՝ հանքարդյունաբերության ոլորտի համաշխարհային դերակատարներ, բնագավառի քաղաքականությունը մշակողներ, ներդրողներ, ֆինանսավորողներ, արդյունահանողներ և վերամշակողներ:
Մարտ 05, 2015 at 16:40
