Պայմանագրերով սահմանված 43 միլիոն տ հանքաքարի փոխարեն 2014թ-ին արդյունահանվել է մոտ 24 միլիոն տ հանքաքար

Պայմանագրերով սահմանված 43 միլիոն տ հանքաքարի փոխարեն 2014թ-ին արդյունահանվել է մոտ 24 միլիոն տ հանքաքար

ԷկոԼուր

«Ընդերքօգտագործման իրավունք ստացած 27 ընկերություններից միայն 10-ն է տնտեսական գործունեություն ծավալել, այն էլ՝ ոչ լիարժեք: Մնացածի դեպքում ոչինչ չի արվում: Չեն կատարվում պայմանագրային պարտավորությունները, չեն կատարվում ներդրումներ, և տնտեսությունը մեծապես տուժում է: Պետության սպասելիքներն այս ոլորտից շատ են: Փոքր հանրապետություն՝ բավական ռեսուրսներ, բայց արդյունքներն, ըստ վիճակագրության, փոքր են», - ասել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը մարտի 20-ին Հայաստանում մետաղական օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքներ իրականացնող ընկերությունների ղեկավարների հետ անցկացրած խորհրդակցության ժամանակ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության պաշտոնական կայքը, խորհրդակցությանը մասնակցել են  ընդերքօգտագործող 20 ընկերությունների՝ այդ թվում «ԳեոՊրո Մայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի,  «Դանդի Փրիշս Մետալս Կապան» ՓԲԸ-ի,  «Սագամար» ՓԲԸ-ի, «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ի, «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի,  «Ագարակի ՊՄԿ»  ՓԲԸ-ի,  «Թեղուտ» ՓԲԸ-ի ղեկավարներն ու ներկայացուցիչները:

Երվանդ Զախարյանը տեղեկացրել է, որ ցուցանիշները մեղմ ասած գոհացուցիչ չեն թե՛ ռոյալթիների վճարման, թե՛ պայմանագրով նախատեսված ֆիզիկական ծավալների կատարման հարցում:

Ընդերքօգտագործողների կողմից պայմանագրային պարտավորությունների կատարման դեպքում, մեկ տարվա ընթացքում կարդյունահանվեր շուրջ  43 միլիոն տ հանքաքար:

 2014թ-ին արդյունահանվել է մոտ 24 միլիոն. տ հանքաքար, կամ նախատեսվածի 56%-ը:

2014թ-ին արդյունահանվելիք և արդյունահանված օգտակար հանածոների ապրանքային արտադրանքի ընդհանուր  արժեքը հաշվարկվել է 209 885 997,4 հազար դրամ, որը կազմել  է 2013թ-ի ապրանքային արտադրանքի ընդհանուր արժեքի  103,36%-ը:

2014թ-ին ընդերքօգտագործողների կողմից ընդամենը վճարվել է 12 079 194,974 հազար դրամ  ռոյալթի, որը  կազմում է 2013թ-ի վճարված ռոյալթիի ընդհանուր գումարի 56,2%-ը:

2015թ-ին մետաղական օգտակար հանածոներ արդյունահանող ընդերքօգտագործողների կողմից կանխատեսվում է արդյունահանել ընդհանուրը` 41 միլիոն 679 հազար տ հանքաքար և վճարել 17 միլիարդ 172 միլիոն դրամ ռոյալթի:

«Դուք մասնավոր ընկերություններ եք, և մեր հարաբերությունները ձեզ հետ կարգավորվում են պայմանագրերով: Մենք ունենք փոխադարձ պարտավորություններ, և մեր պահանջը ձեզանից այն է, որ դուք կատարեք Ձեր պայմանագրային պարտավորությունները»,- ասել է Երվանդ Զախարյանը:

Նախարարը նշել է, թե ստեղծված իրավիճակի համար մեղքն ամբողջությամբ համաշխարհային տնտեսական ճգնաժամի և միջազգային շուկայում գների անկման վրա բարդելն արդարացի չէ, քանի որ շատ խնդիրներ, այդ թվում ֆիզիկական ծավալների թերկատարումը, ներդրումների ապահովումը, հաստատված լեռնահատկացման եզրագծից դուրս աշխատելը, հանքավայրերի ընտրովի մշակման բացառումը հենց ընդրքօգտագործողի խնդիրներն են: 

Երվանդ Զախարյանը նշել է, որ նախարարությունը աջակցել և աջակցելու է  ընդերքօգտագործողներին, բայց միևնույն ժամանակ իր լիազորությունների շրջանակում պայմանագրային պարտավորությունները չկատարողների հանդեպ կիրառելու ՀՀ օրենսդրությամբ սահմանված գործառույթներ:

Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից վարվող՝ հանքավայրերի և երևակումների պետական կադաստրում ներկա դրությամբ հաշվառված է 870 հանքավայր, որոնցից 38-ը մետաղական է: Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ներկա դրությամբ տրամադրված է 27 մետաղական օգտակար հանածոների ընդերքօգտագործման  իրավունք, որոնցից՝ 11-ը` ոսկու են, 5-ը՝ ոսկի–բազմամետաղային, 7-ը՝ պղինձ-մոլիբդենային, 2-ը` պղնձի, 1-ը` մոլիբդենի և 1-ը` երկաթի:

Լուսանկարը` www.minenergy.am կայքի

Մարտ 23, 2015 at 14:42


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր