ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ ԱՆՀԻՄՆ ԵՆ

ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ ԱՆՀԻՄՆ ԵՆ

Ինգա Մարտինյան, Հետք

Մամուլում տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը հրաժարական է տվել:

Բնապահպանության նախարարության մամուլի քարտուղար Հասմիկ Մկրտչյանը, սակայն  «Հետքին» ասաց, որ դրանք ստահոդ լուրեր են, և Ա. Հարությունյանը չի պատրաստվում հրաժարական տալ: «Դրանք անհիմն խոսակցություններ են, որևէ հիմնավորված բան չկա»,- ասաց նա:

ՄԵՏԱՄՈՐՖՈԶՆԵՐ
Lragir.am

Մամուլում տեղեկություններ եղան այն մասին, որ Հայաստանի բնապահպանության նախարարն ունի բենզա եւ գազալցակայան Եղվարդում, եւ ասֆալտի խոշոր գործարան: Պետք է ենթադրել, որ գործարանը աղտոտում է մթնոլորտը, հաշվի չառնելով Կիոտոյի արձանագրությունը: Իսկ իմ մի ծանոթը խոստովանել է, որ այն ժամանակից, ինչ աշխատանքի է անցել բնության պահպանության բաժնում, ուտում է թարմ որսի միս:
 
Նման մետամորֆոզները հատուկ են հետխորհրդային աշխարհին: Կյանքն կարծես թե ընթանում է երկու չափման մեջ` այնպես, ինչպես ընդունված է, եւ իրական կյանքը: Հիշվում է, խորհրդային ժամանակներում ասում էին, թե մենք ունենք ամենաերջանիկ մանկությունը, իսկ ծնողները ժամերով հերթ էին կանգնում խտացրած կաթի համար: Ասում էին, թե Արեւմուտքում ամեն ինչ «փտած է», եւ իրենց պատռում էին գոնե մի անգամ Արեւմուտք մեկնելու եւ ջինս բերելու համար:
 
Վերջերս մենք ոչ մի կերպ չէինք կարողանում մեր իրանցի հայրենակցին բացատրել, թե ինչ է նշանակում «դուրս գրել» բառակապակցությունը (երբ դուրս են գրում պետական գույքը ու էժան գնում): Փորձեցինք, հետո հասկացանք, որ նրանց մոտ նման բան երբեք չի եղել: Իսկ մենք անգամ մասնավոր ձեռնարկությունում սովորույթի համաձայն փորձում ենք դուրս գրել սեփական սեփականությունը:  
 
Ցավոք, հոգեբանությունը չի փոխվում: Դա նրանից է, որ հասարակությունը առայժմ վստահում է ոչ թե սեփական աչքերին ու շահերին, այլ բառերին:

ԱՐԱՄԻ ՄՈՒԹ ԱՄՊԵՐԸ
Lragir.am

Հայաստանի բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի «թեման» շարունակվում է: Մամուլում հրապարակումներ եղան նրա մոտալուտ պաշտոնանկության մասին, ինչպես նաեւ հրապարակվեցին մանրամասներ նրա սեփականության մասին: Եւ ահա այսօր Հայաստանի մարդու իրավունքի պաշտպան Արմեն Հարությունյանը նամակ է հղել նախարարին, որում ասվում է.
 
«Չորրորդ իշխանություն» օրաթերթի 09.02.2010թ. համարում տպագրվել է հոդված, ըստ որի ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի քաղաքային հիվանդանոցին հարակից տարածքում հատվել են մոտ 10 հաստաբուն ծառ: Ասվածը հիմնավորվում է նաև տպագրված լուսանկարներով:
 
Խնդրում եմ հայտնել`
 
- վերոգրյալը համապատասխանում է իրականությանը, թե` ոչ,
 
- եթե համապատասխանում է, օրինական է, թե` ոչ,
 
- եթե ծառահատումն իրականացվել է ապօրինի, ապա ինչ միջոցներ են ձեռնարկվել դեպքի հանգամանքները պարզելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբե:
 
Նշենք, որ նախարարը Եղվարդից է: Ի դեպ, երեկ նա հայտարարել էր, թե  հրաժարական չի տա:

Փետրվար 12, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր