

ԷկոԼուր
Հունիսի 5-ին Երեւանի Սիրահարների այգում նշվեց Շրջակա միջավայրի համաշխարհային օրը և Բնապահպանի օրը:
Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ Ազգային ժողովի և ՀՀ կառավարության ներկայացուցիչներ, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված պետությունների դեսպաններ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, հասարակական կազմակերպությունների և գործարար ոլորտի ներկայացուցիչներ:
Բնապահպանական նվաճումների ցուցահանդեսին իրենց տաղավարներով մասնակցեց շուրջ 50 կազմակերպություն` ՀՀ ԲՆ կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներ, բնապահպանական միջազգային կազմակերպություններ, հասարակական կազմակերպություններ, դպրոցներ և կրթօջախներ, կանաչ տեխնոլոգիայի արտադրությամբ զբաղվող ընկերություններ, մշակույթի կենտրոններ:
«Շատ կարևոր է հայրենի բնության պահպանությունը, բնության բարիքների օգտագործումը պատասխանատու, մտածված և հարատև օգտագործման ապահովման ձևով: Համաշխարհային տնտեսության զարգացման տեմպերը և մոլորակի բնակչության թռիչքային աճը մեզ այլ հնարավորություն չեն տալիս, քան խնայողաբար մոտենալ ռեսուրսներին: Կարևորելով շրջակա միջավայրի պահպանության խնդիրները՝ ՀՀ-ն այսօր արդեն անդամակցում է 23 միջազգային բնապահպանական համաձայնագրերի: Վերջինիս հիմնադրույթները դրված են պետության կողմից տարվող բնապահպանական քաղաքականության հիմքում: Շրջակա միջավայրի պահպանումը մեր` բոլորիս, պարտավորությունն է` թե պետական պաշտոնյայի, թե հասարակական կառույցի ներկայացուցչի, թե գործարարի և թե շարքային քաղաքացու: Հետևաբար օրախնդիրը մեր հասարակության լայն շերտերի մոտ բնապահպանական մտածելակերպի ձևավորումը և բնության նկատմամբ հոգատարության տարածումն է», - իր ելույթում մասնավորապես նշեց ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը:
«Հայաստանը տարածաշրջանում ունի ամենահարուստ կենսաբազմազանությունը և այն պահպանելու, արժանապատվորեն մեր սերունդներին փոխանցելու խնդրի առաջ ենք կանգնած: Այդ պատճառով շրջակա միջավայրի պաշտպանության օրվա խորհուրդը չպետք է սահմանափակվի միայն հունիսի 5-ով, այլ պետք է ուղեկցի մեզ յուրաքանչյուր օր, որպես հերթական առիթ՝ վերհանելու և լուծելու բնապահպանական խնդիրները՝ ի շահ մեր քաղաքացիների բարօրության ու բարեկեցության, ապագա սերունդների բնականոն կյանքի:
Հայրենի բնության պահպանությունը պետք է լինի յուրաքանչյուրիս առաքելությունը, ինչի գիտակցումը մեզ պետք է ուղեկցի ամենուր և ամեն վայրկյան: Շրջակա միջավայրի պահպանության գաղափարը պետք է իր կայուն տեղն ունենա մեր ժողովրդի հիմնարար արժեքների կողքին և դառնա Հայոց պետականության զարգացման կայուն հենասյուներից մեկը:
Մարդը պետք է բնությունից վերցնի այնքան, ինչքան անհրաժեշտ է առաջնային կենսական պահանջները բավարարելու համար: Այս խորհուրդն է իր մեջ ներառում ՄԱԿ-ի կողմից հռչակած Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա այս տարվա կարգախոսը` «Յոթ միլիարդ ցանկություն` մեկ մոլորակ: Սպառիր խնայողաբար»: Այն հերթական անգամ հիշեցնում է, որ մենք մայր բնության սահմանափակ ռեսուրսները շռայլելու իրավունք չունենք:
Կոչ եմ անում մեր քաղաքացիներին՝ համատեղել մեր ջանքերը հայրենի բնաշխարհի պահպանության և այն սերունդներին փոխանցելու կարևորագույն առաքելությունն իրականացնելու համար», - իր ելույթում ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը:
«40 տարի առաջ ՄԱԿ-ն այս օրը հռչակել է որպես Շրջակա միջավայրի համաշխարհային օր: Շրջեցի տաղավարներով և մեծապես տպավորված եմ այն նվիրվածությամբ, որը առկա է Հայաստանի բնակչության շրջանում ավելի լավ բնապահպանական ապագա ունենալու համար: Հայաստանը ձգտում է դառնալ գլոբալ լիդերներից մեկը շրջակա միջավայրի պահպանության և դրա կարևորության շեշտադրման առումով», - ասաց ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուսետտոն:
Հայաստանի բնապահպանության բնագավառում նշանակալի ներդրում ունենալու համար ՀՀ բնապահպանության նախարարության ոսկե մեդալ շնորհվեց ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբուծության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանին, Բնապահպանության և կայուն արտադրության ու սպառման ոլորտային խմբի ղեկավար Քնարիկ Հովհաննիսյանին, ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանին, ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանին, ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի Ընդերքի և հողերի պահպանության քաղաքականության վարչության պետ Վիգեն Ավետիսյանին, ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի Բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալ Վարդան Ասատրյանին, ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի Բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալ Իգոր Սարգսյանին, ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի Իրավաբանական վարչության պետ Խաչատուր Խաչատրյանին, ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության ջրօգտագործման թույլտվությունների բաժնի պետ Դավիթ Գրիգորյանին, ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի Կենսառեսուրսների կառավարման գործակալության կենդանական ռեսուրսների կառավարման բաժնի պետ Սևակ Բալոյանին:
ՀՀ բնապահպանության նախարարության շնորհակալագրերով պարգևատրվեցին ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդական Էլեոնորա Գրիգորյանը, ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահանական ռազմավարական ծրագրերի և մոնիտորինգի վարչության ռազմավարական ծրագրերի ու մոնիտորինգի բաժնի պետ, վարչության պետի տեղակալ Ջուլիետա Ղլիչյանը, ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության բաժնի պետ Անահիտ Ալեքսանդրյանը, ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի պետ Կարինե Քուշքյանը, ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության օրենսդրության բաժնի պետ Աշոտ Սիմոնյանը, ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանը:
Միջոցառմանն անցկացվեցին նաև մանկական նկարչական ֆլեշմոբ և «Նոր շունչ օգտագործված իրերին մանկան ձեռքերով» միջոցառումները: Ելույթ ունեցան Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոցի ստեղծագործական խմբերը:
![]() |
|
|
![]() |
|
![]() |
|
|
|
|
|
![]() |
![]() |
|
|
|
![]() |
Հունիս 05, 2015 at 18:58






