

ԷկոԼուր
«Այսօրվա մեր հավաքի նպատակը երկու կարևոր հարց է. առաջին՝ ջրով ապահովել բոլոր հողօգտագործողներին, գյուղացիներին. որևէ գյուղացի հարց չբարձրացնի, որ ջրի պատճառով իր ցանքսը չորացել է: Օգոստոսը մեր ոռոգման սեզոնի ամենաթեժ ամիսն է, և ևս մեկ անգամ բոլորիդ հանձնարարում եմ՝ ժամանակին ջրով ապահովել հողօգտագործողներին, որպեսզի բերքը նորմալ հավաքեն: Աշխատեք երկար, աշխատեք 24 ժամ, ձեր աշխատակազմը թող նաև հերթապահություն անցկացնի գիշերները, որպեսզի որևէ դժգոհություն չառաջանա: Եվ, երկրորդ՝ կարգապահություն հավաքագրման գործընթացում. պետք է աշխատեք թափանցիկ և ազնիվ», - ասել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը սույն թվականի օգոստոսի 5-ին ՀՀ կառավարությունում տեղի է ունեցած` 2015 թ. ոռոգման գործընթացի իրականացման վերաբերյալ խորհրդակցության ժամանակ:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը զեկուցել է, որ ՀՀ կառավարության որոշմամբ ոռոգման համակարգերի հիմնանորոգման 2015 թ. ծրագրով հատկացված 800.0 միլիոն ՀՀ դրամը ծախսվել է պոմպակայանների, խորքային հորերի, ջրանցքների խողովակաշարերի նորացման աշխատանքների համար: Բացի այդ գումարը ՀՀ կառավարության որոշմամբ 2015 թ. ՋՕԸ-երին ՀՀ պետական բյուջեից հատկացվել է շուրջ 5.2 միլիարդ ՀՀ դրամ:
Արամ Հարությունյանը նաեւ զեկուցել է. որ ոռոգման նպատակով Սևանա լճից ջրառն այսօրվա դրությամբ կազմել է 121.261 միլիոն խմ՝ նախորդ տարվա 216.121 մլն խմ-ի համեմատ: 80 կետերում տեղադրվել է ժամանակակից ջրաչափ, որոնց շահագործումը թույլ կտա ամենօրյա առցանց հսկողության տակ ունենալ այդ կետերում ջրաքանակների հոսքը: Առավել մեծ ջրապահանջարկ ունեցող ՋՕԸ-երում անցկացված գիշերային ոռոգման ստուգման արդյունքները ցույց են տվել, որ գիշերային ջրամատակարարումն իրականացվում է պատշաճ մակարդակով՝ համապատասխան մասնագետների և աշխատակիցների մասնակցությամբ: Ձեռնարկվել են նաև կազմակերպչական միջոցառումներ՝ ՀՀ ջրպետկոմում ՋՕԸ-երին աջակցող խմբի ձևավորում, ջրերի հաշվառման SKADA համակարգի ներդրման 80 դիտակետի կառուցում, LOKATOR համակարգով ՋՕԸ-երի ծանր տեխնիկայի աշխատանքի հսկողություն և համակարգում, ՋՕԸ-երի աշխատանքի և կառուցվածքային խնդիրների վերլուծություն և այլն:
Արամ Հարությունյանը նշել է, որ ՀՀ 70 համայնք ունի գերնորմատիվային ջրապահանջարկ, ինչը պայմանավորված է մշակովի ցանքատարածությունների ծավալի ավելացմամբ:
Օգոստոս 06, 2015 at 14:54
