

ԷկոԼուր
Արարատյան դաշտի անօրինական ջրահորերը շարունակում են մնալ բնապահպանության նախարարության ուշադրության կենտրոնում: Այս մասին դեկտեմբերի 23-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը:
«Այս տարի բնապահպանության նախարարությունը շարունակել է Արարատի տարածաշրջանում ապօրինի ինքնաշատրվանող հորերի խնդիրների լուծումը, որովհետև դրանց թվաքանակը տարեցտարի ավելանում է, հայտնաբերվում են նոր հորեր: Մենք իրականացրել ենք 8 հորի լուծարման աշխատանքներ, որոնց արդյունքում խնայել ենք 68 լիտր վայրկյան ջուր: Ունենք նախատեսած ևս 22 հոր, որոնք ներկայացրել են համայնքի ղեկավարները իրենց ցանկությամբ, բայց քանի որ ունեինք գումարային խնդիր, այդ հորերի լուծարման աշխատանքները թողել ենք 2016 թվականին»,- ասաց Արամայիս Գրիգորյանը:
Նախարարն ասաց, որ նախկինում տրված ջրային թույլտվությունները կարող են վերանայվել, որպեսզի կատարվի ջրի խնայողություն, առանց իրավաբանական և ֆիզիկական անձանց տնտեսություններին վնաս և կորուստ հասցնելու:
«Ընդհանուր առմամբ տարբեր կազմակերպություններում իրականացրել ենք 10-55 լիտր ջրի խնայողություններ և տվել ենք ամբողջությամբ նոր ջրի թույլտվություններ: 2015 թվականին իրականցրել ենք 618 միլիոն խմ ջրի խնայողություն և, սա գումարելով 2014 թվականի խնայողություններին, ապահովել ենք 41680 լիտր վայրկյան ջրի խնայողություն: Ջրի ծավալներն արդեն կայունացել են և նվազման միտումներ չունեն, իսկ ջրի ճնշումն ավելացել է»,- նշեց նախարարը:
Արամայիս Գրիգորյանի խոսքերով՝ անհրաժեշտ է փականային ռեժիմների բերել բոլոր արտեզյան հորերը՝ լիարժեք խնայողություններ ապահովելու համար:
«Մենք ստանձնել էինք նաև ավտոմատ փականային ռեժիմի պիլոտային ծրագրի իրականացում 3 համայնքներում՝ Արաքս, Մեծամոր, Ջրառատ, որտեղ ձկնաբուծական տնտեսությունների մեկական հորերի վրա տեղադրեցինք այդ ռեժիմը: Այսօր 24-ժամյա կտրվածքով օնլայն ռեժիմով մեզ հստակ տեսանելի են դրանք, որի շնորհիվ կարողանում ենք ստուգումներ իրականացնել, թե ինչ է կատարվում այդ հորի հետ կապված: Սա ասում եմ, որովհետև այս առումով մեր նպատակների վերջնական փուլը կլինի այն, որ կարողանանք բոլոր ձկնաբուծական տնտեսությունների վրա այս ավտոմատ համակարգը կիրառել»,- ասաց նախարարը:
Դեկտեմբեր 23, 2015 at 19:07
