ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԵՆ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

Արմենպրես

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն ընդունել է Համաշխարհային բանկի փորձագետներին: Հանդիպման ժամանակ բնապահպանական հարցերից բացի քննարկվել են նաեւ ՀՀ ֆինանսների նախարարության միջոցով բնապահպանության նախարարության կողմից Համաշխարհային բանկին ներկայացված «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման կարգավորման ուսումնասիրություն» եւ «Քաղաքային վայրերում օդի աղտոտվածության վերահսկողությունը Հայաստանում» ծրագրերը:

Ինչպես «Արմենպրես»-ին ասացին ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունում, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման կարգավորման ուսումնասիրություն» ծրագրի շրջանակներում առաջակվել է վարձել անհատ խորհրդատու, որը ուսումնասիրելու, մշակելու է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին օրենսդրությունն ու օրենքի նախագիծը: «Քաղաքային վայրերում օդի աղտոտվածության վերահսկողությունը Հայաստանում» ծրագրով հանրապետությունում քաղաքային վայրերում նախատեսվել է ձեռնարկել օդի որակի վերահսկողություն, վերլուծություն` զուգահեռաբար մշակելով օդի աղտոտվածության վերահսկողության արդյունավետ ու կիրառելի ռազմավարություն, գործողությունների ենթածրագիր: ՀՀ կառավարության եւ Համաշխարհային բանկի միջեւ գործող ընթացակարգերի համաձայն` կազմվել են նաեւ փորձագետների ընտրության տեխնիկական առաջադրանքները: Առաջիկայում այդ նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությունում կանցկացվի մրցույթ:

Մարտ 30, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր