Բնապահպանության նախարարության 30-ամյա հոբելյանը, խնդիրներ և անակնկալներ

Բնապահպանության նախարարության 30-ամյա հոբելյանը, խնդիրներ և անակնկալներ

ԷկոԼուր

Ամանորի նախօրեին ՀՀ բնապահպանության նախարարությունը նշեց իր 30-ամյա հոբելյանը: Իր ողջույնի խոսքում ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը նշեց հիմնական խնդիրները, որոնց նախարարությունը հատուկ ուշադրություն կդարձնի 2017թ-ին: «2017թ. մեր նախարարության համար լինելու է ծանրաբեռնված աշխատանքի տարի: Միանգամայն նոր մոտեցումներով տեր ենք կանգնելու բնության հուշարձաններին, այդ գործում ներգրավելով նաև մասնավոր ոլորտը: Արվելու է ամեն ինչ, որպեսզի զգալիորեն ավելանան ձկան պաշարները Սևանա լճում, ձգտելու ենք, որպեսզի ձկան որսը իրականացվի բացառապես օրենքի ու խոհեմության սահմաններում: Ուշի ուշով հետևելու ենք ՀԷԿ–երի և հանքերի շահագործման օրինականությանը: Գործադրելու ենք ջանքեր՝ հողերի անապատացումը կանխելու և նվազեցնելու ուղղությամբ, չենք հանդուրժելու անտառը ոչնչացնողներին և շրջակա միջավայրն ապականողներին»,- հայտարարեց նախարարը: Բացի նախարարության աշխատակիցներից հոբելյանի տոնակատարությանը հրավիրվել են բնապահպանության նախկին նախարարները, նախարարության հետ համագործակցող միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

«Բնապահպանության բնագավառում նշանակալի ավանդի համար» գերատեսչական ոսկե մեդալով պարգևատրվեցին ՀՀ բնապահպանության նախկին նախարարներ Վռամ Թևոսյանը, Սարգիս Շահազիզյանը, Գևորգ Վարդանյանը, Մուրադ Մուրադյանը, Վարդան Այվազյանը, «Կանաչների միություն» ՀԿ-ի նախագահ Հակոբ Սանասարյանը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը, ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակիցներ Արծրուն Պեպանյանը, Նաիրա Ալավերդյանը, Աշոտ Սիմոնյանը:

ՀՀ բնապահպանության նախարարության մի խումբ աշխատակիցներ, ինչպես նաև բնապահպանական ոլորտում ակտիվ գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների, գիտակրթական կազմակերպությունների ներկայացուցիչներ պարգևատրվեցին շնորհակալագրերով:

Նշենք, որ մինչ հանդիսավոր միջոցառման մեկնարկը «Մարիոթ» հյուրանոցում «Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնությունն անցկացրեց հանքարդյունաբերության դեմ ակցիա: Ակցիայի մասնակիցները բերեցին կեղտոտ դեղին գույնի ջրով շիշ: Նրանք հայտարարեցին. «Պոչամբարի, ցիանային հարթակի, թունավորված գետերի ու սառնորակ աղբյուրների սեղանի խմելու այլընտրանքային ջուր։ Արտադրված է Հանքաստանի Հանրապետությունում։ Պոչամբարների, ցիանային հարթակների ու հանքակերների պահապաններին տրամադրվում է անհատույց»:

Նմանատիպ ակցիա անցկացվել է նաև 2014թ-ին «Կայուն հանքարդյունաբերություն» միջազգային կոնֆերանսի մեկնարկից առաջ նույն «Մարիոթ» հյուրանոցում:

Դեկտեմբեր 28, 2016 at 13:28


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր