Արծվիկ Մինասյանը բնապահպանության ոլորտի հիմնական ռիսկերից մեկը համարում է կոռուպցիան

Արծվիկ Մինասյանը բնապահպանության ոլորտի հիմնական ռիսկերից մեկը համարում է կոռուպցիան

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը բնապահպանության ոլորտի հիմնական ռիսկերից մեկը համարում է կոռուպցիան: Այս մասին նա հայտարարեց 2016 թվականի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ:

«Առաջինը՝ առկա են համակարգային կոռուպցիոն ռիսկեր, ոլորտի օրենսդրության իրավակիրակումը բավարար չէ, բացակայում են շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների կառավարման էկոհամակարգային մոտեցումը, բնական կապիտալի և էկոհամակարգային ծառայությունների, տնտեսական արժեքային գնահատման համակարգը, չկա շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների միասնական պետական մոնիթորինգի տեղեկատվական կառավարման համակարգ, ցածր հասցեականություն ունեն բնօգտագործման և բնապահպանական վճարներից գոյացած գումարները, ձևավորված չէ բնապահպանական թույլտվությունների միասնական համակարգ, բնապահպանական պետական վերահսկողության արդյունավետությունը խիստ ցածր է, ջրավազանային կառավարումն իրականացվում է ցածր արդյունավետությամբ, ոլորտում պետություն-մասնավոր հատված համագործակցությունը ցածր մակարդակի վրա է և բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման համակարգերն այսօր այս վիճակում անարդյունավետ են»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Նախարարը նշեց, որ որպես հետևանք նախարարությունը չի կարողանում լիարժեքորեն պայմաններ ստեղծել, որպեսզի քաղաքացիներն իրագործեն սահմանադրությամբ երաշխավորված իրենց իրավունքը` առողջ, անվտանգ շրջակա միջավայրում ապրելու:

Ըստ բնապահպանության նախարարի՝ բնական ռեսուրսների ոչ արդյունավետ կառավարումը չի նպաստում տնտեսության աճին և քաղաքացիների բարեկեցության բարձրացմանը: Արծվիկ Մինասյանը նշեց, որ բնապահպանական վերահսկողության ուժեղացման նպատակով նախատեսվում է ստեղծել միասնական տեսչական մարմին, որը լիարժեքորեն կիրականացնի ընդերքի վերահսկողությունը:

Դեկտեմբեր 28, 2016 at 15:55


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր