ԷկոԼուր
Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման միջոցառումների ծրագրում սահմանվել են շուրջ երեք տասնյակ միջոցառումներ, որոնց իրագործման արդյունքում առավել արդյունավետ կդառնա ջրային ռեսուրսների կառավարման համակարգը: Ծրագիրը քննարկվել է փետրվարի 1-ին ՀՀ բնապահպանության նախարարությունում կայացած ՀՀ վարչապետի որոշմամբ ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման և ստորերկրյա ջրերի օգտագործումը նորմավորելու նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստում:
Նշվել է օրենսդրական դաշտի կատարելագործման անհրաժեշտությունը՝ համապատասխան օրենքներում փոփոխությունների կատարումն ու ենթաօրենսդրական ակտերի ընդունումը: Ծրագրով նախատեսվում է Ախուրյանի և Հրազդանի ջրավազանային կառավարման պլանների ընդունում, ինչը հնարավորություն կտա հաշվարկել տարածքի օգտագործելի ջրային ռեսուրսները, ռազմավարական և ազգային ջրային պաշարները, կատարել տարածքի ջրի առաջարկի և պահանջարկի վերլուծություն: Նախատեսվում են ինստիտուցիոնալ բարեփոխումներ, որոնք կներառեն ջրային ռեսուրսների պետական կադաստրի կատարելագործման, հիդրոերկրաբանական թվայնացված քարտեզի և ստորերկրյա ջրավազանի եռաչափ մոդելի մշակման, բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկ հաշվետվությունների էլեկտրոնային համակարգի ներդրման գործընթացներ: Մեծածավալ աշխատանքներ կիրականացվեն ձկնաբուծական, ոռոգման և խմելու-կենցաղային նպատակներով ջրօգտագործման համակարգում, այդ թվում` տեսչական ստուգումներ ռիսկային ջրօգտագործողների մոտ, կլուծարվեն լցված, ոչ պիտանի հորատանցքերը, կվերանայվեն ձկնաբուծական տնտեսություններում ջրի քանակական նորմաների համաձայն ջրօգտագործման թույլտվությունները և այլն:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Փետրվար 02, 2017 at 15:46