

ԷկոԼուր
«Ներկայումս մենք հավաքագրել ենք գաղափարներ, որոնց ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 420 միլիոն ԱՄՆ դոլար, որից այս պահին կոնկրետ ծրագրերի տեսքով ունենք շուրջ 185 միլիոն դոլարի ներդրումային ծրագրեր: 2017 թվականին շարունակվող կամ սկսվող ծրագրերի արժեքը կազմում է շուրջ 11.5 միլիոն դոլար: Մնացածը հաջորդիվ` տարիների ընթացքում», - բնապահպանության ոլորտի ներդրումային ծրագրերը ներկայացրեց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը փետրվարի 10-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:
Արծվիկ Մինասյանը օրինակ բերեց «Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագիրը, որի նպատակն է քաղաքային տնտեսություններում էներգաարդյունավետության բարձրացումը լուսավորության բնագավառում: «Ծրագրի արդյունքում մենք տարեկան կրճատում ենք շուրջ 580 տոննա CO2, ունենք 35.6 կմ փողոցային լուսավորության էներգաարդյունավետ արդիականացում և համայնքներում 120 հազար դոլարով նվազել են շահագործման ծախսերը», - ներկայացրեց նախարարը:
Արծվիկ Մինասյանը նշեց, որ իրականացվող բոլոր ծրագրերը բացառապես դրամաշնորհային են: «Մենք չենք իրականացնում մի ծրագիր, որը վարկային ռեսուրսներ է ենթադրում: Դրամաշնորհները օժանդակում են, որպեսզի ավելի էժան վարկային ռեսուրսներ ներգրավենք կոնկրետ երկարաժամկետ ծրագրերի իրականացման համար: Մեր ոլորտում 2017 թվականի ծրագրերի թիվը 25-ն է, և ես վստահ եմ, որ մենք, այս տեմպերը պահելով, հետագայում կբազմապատկենք այդ թիվը», - ասաց Արծվիկ Մինասյանը:
Փետրվար 10, 2017 at 19:27
