ՀՀ նոր Սահմանադրությունը զրկել է քաղաքացիներին իրենց «կանաչ» իրավունքներից

ՀՀ նոր Սահմանադրությունը զրկել է քաղաքացիներին իրենց «կանաչ» իրավունքներից

ԷկոԼուր

Շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում Հայաստանում իրավաբանական ծանրաբեռնվածությունը պետության և քաղաքացու վրա անհավասարաչափ է. hանրային իշխանությունը ունի իրավունքներ և չի կրում պատասխանատվություն, իսկ քաղաքացիները ունեն միայն պարտականություններ, հայտարարեց «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն, իրավաբան Նազելի Վարդանյանը «Հարավ-Կովկասյան կավճե շրջան» կոնֆերանսի ժամանակ՝ Թբիլիսիում: ««Կանաչ» իրավունքների պաշտպանություն» թեմայով իր ելույթի ժամանակ նա նշեց, որ 2015 թվականին ընդունված ՀՀ Սահմանադրությունը Հայաստանին մի քանի քայլ հետ մղեց և փաստացի զրկեց քաղաքացիներին իրենց «կանաչ» իրավունքներից: «Հայաստանում 2015 թվականի վերջին ընդունվեց նոր Սահմանադրություն, որից դուրս է բերվել 33.2 հոդվածը՝ առողջ և բարենպաստ շրջակա միջավայրում ապրելու իրավունքը: Այս հոդվածը մտցվել էր Սահմանադրության մեջ 2005 թվականին հասարակական կազմակերպությունների լոբբինգի արդյունքում: Հոդվածն ապահովում էր մարդու առողջ շրջակա միջավայրում ապրելու իրավունքը, և սա հնարավորություն էր ընձեռում քաղաքացիներին դիմել դատարան և պաշտպանել իրենց իրավունքները», - ասաց Նազելի Վարդանյանը:

«ՀՀ Անկախության հռչակագրում ամրագրված է, որ հողը, ընդերքը, ջուրը և այլ բնական ռեսուրսները հանդիսանում են ժողովրդի սեփականությունը: Որոշումները, որոնք հակասում են հռչակագրին, անօրինական են: Եթե մարդկանցից խլում են հողը, օրինակ հանքարդյունաբերության, էներգետիկ նպատակներով, կամ վերցնում են ջուրը, իսկ մարդիկ դրանից ոչինչ չեն ստանում, ապա փաստացի խախտվում են մարդկանց «կանաչ» իրավունքները», - նշեց նա:

Նազելի Վարդանյանը նաև հիշեցրեց, որ Հայաստանը վավերացրել է Օրհուսի կոնվենցիան, որտեղ ամրագրված են տեղեկատվության հասանելիության, որոշումների կայացման գործընթացին մասնակցելու իրավունքները և դատական պաշտպանության մատչելիությունը:

«Մենք արդեն ստացել ենք մի քանի զգուշացում Օրհուսի կոնվենցիայի Համապատասխանության կոմիտեից: Այնտեղ հիմնականում նշված է, որ դատական պաշտպանությունը պետք է լինի իրական, քանի որ այդպես հռչակված է թե միջազգային իրավունքներում, թե Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում, և թե մեր Սահմանադրության մեջ: Սակայն գործնականում դատարան դիմելու գործընթացները հայտնվում են փակուղում: Մեզ մոտ ընդունել են նոր օրենք հասարակական կազմակերպությունների մասին, որտեղ կա հոդված այն մասին, որ ՀԿ-երը իրավունք ունեն դիմելու դատարան: Սակայն այդ օրենքում կան շատ սահմանափակումներ: Եվ ամենակարևորն այն է, որ ՀԿ-երը չեն կարող բողոքարկել որոշումը, եթե չեն մասնակցել քննարկումների գործընթացին: Բայց պատահում է, որ մեզ թույլ չեն տալիս մասնակցել քննարկումներին:

Ինչպես էլ դասավորվի իրավիճակը, մենք շարունակելու ենք պայքարել մեր «կանաչ» իրավունքների համար, որովհետև դրանք կենսական նշանակություն ունեցող իրավունքներ են», - եզրափակեց Նազելի Վարդանյանը:

 

Մարտ 10, 2017 at 14:48


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր