

ԷկոԼուր
Արարատյան դաշտում 2017 թ-ին խնայված ջրի ծավալն ավելին է, քան Երևանի մեկ տարվա խմելու ջրի փաստացի սպառված ծավալը: Այս մասին հայտարարեց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: Խնայվել է 2932.5 լ/վրկ ջուր, ինչը 64 խորքային հորերի փականային ռեժիմի բերման արդյունքն է:
Նախարարն ընդգծեց, որ անհրաժեշտ է Արարատյան դաշտում ստորերկրյա ջրառը նվազեցնել այն քանակի, որպեսզի այն չգերազանցի 1.1 միլիարդ խմ-ը, որը սահմանված է «Ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ օրենքով: Համաձայն «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագրի ուսումնասիրության՝ 2016 թ-ին Արարատյան դաշտում ստորերկրյա ջրառը ավելի քան 45 %-ով գերազանցել էր օրենքով սահմանված ծավալը: Ջրի հիմնական սպառողը ձկնաբուծական տնտեսություններն են:
Ըստ նախարարի` սույն թվականի մայիսի 15-ից սկսելու են ստուգումներն Արարատյան դաշտի ձկնաբուծական տնտեսություններում: «Մենք նախապես ծանուցել ենք բոլորին, որ իրենք պետք է համապատասխանեցնեն փաստացի ջրօգտագործման ծավալները ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված չափերին: Խոշոր ձկնաբուծական տնտեսությունները սեփական ուժերով պետք է տեղադրեն ավտոմատ կառավարման համակարգեր, որպեսզի մշտապես ունենանք տեղեկատվություն՝ որքան ջուր է օգտագործում այս կամ այն ձկնաբուծական տնտեսությունը: Նաև նախատեսում ենք պահանջ դնել կիսափակ ռեժիմի անցնելու համար, որպեսզի տնտեսություններն ավելի արդյունավետ օգտագործեն Արարատյան դաշտի ստորերկրյա ջուրը, որի անխնա օգտագործման արդյունքում մեր երկրում այդ հատվածի վրա ձևավորվել է բավական լուրջ էկոլոգիական վտանգ», - ասաց բնապահպանության նախարարը:
Բնապահպանության նախարարության տեղեկանքի համաձայն՝ 2017 թ-ի ընթացքում Արարատյան դաշտում գույքագրվել է 2807 հորատանցք, այդ թվում շահագործվող՝ 1795, չշահագործվող՝ 700, կոնսերվացված՝ 123, գույքագրված, բայց հետագայում լուծարված՝ 4, լցված՝ 158, կապարակնքված՝ 27: Նույն թվականին Արարատյան դաշտում գույքագրվել և հաշվառվել է 235 ձկնային տնտեսություն՝ 570 հորատանցքով: Գույքագրման պահին գործել է 135 տնտեսություն՝ 336 հորատանցքով: Գործող տնտեսությունների ընդհանուր ջրառը կազմում է 25652 լ/վրկ, իսկ հեռացվող ջրաքանակը՝ 22057.5 լ/վրկ:
Մայիս 10, 2017 at 18:49
