ՀՀ կառավարությանը ներկայացվել են չգազիֆիկացված համայնքները ջերմային էներգիայով ապահովելու առաջարկություններ

ՀՀ կառավարությանը ներկայացվել են չգազիֆիկացված համայնքները ջերմային էներգիայով ապահովելու առաջարկություններ

ԷկոԼուր

Հայաստանի չգազիֆիկացված համայնքներին ջերմային էներգիայով ապահովելու վերաբերյալ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը մշակել և կառավարությանն է ներկայացրել առաջարկությունների փաթեթ։ Խոսքը, մասնավորապես, արևային ֆոտովոլտային պանելների և ջրատաքացուցիչների, պելետային կաթսաների կամ վառարանների կիրառման մասին է։

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանի փոխանցմամբ, իրականացված ուսումնասիրությունների և կատարված հաշվարկների հիման վրա յուրաքանչյուր համայնքի վերաբերյալ ներկայացվել է կոնկրետ առաջարկություն։
«Նախապատվությունը տրվել է առաջին հերթին ջրատաքացուցիչների կիրառմանը։ Դա չգազիֆիկացված համայնքների մեծ մասի տաք ջրի խնդրի լուծման լավագույն և փոխշահավետ տարբերակն է»,- ասել է Հայկ Հարությունյանը։

Առանձին համայնքների համար հնարավոր է համարվում նաև գազիֆիկացման իրականացումը։ Այդ խնդիրը դիտարկվել է նաև Հայաստանի գազամատակարար ընկերության հետ։

«Ներկայացված առաջարկությունների փաթեթը, ըստ ամենայնի, առաջիկայում կքննարկվի կառավարությունում։ Հավանության արժանանալուց հետո կսկսվի ծրագրի իրականացումը։ Սակայն դրա համար կպահանջի բավական երկար ժամանակ և լուրջ ֆինանսական միջոցներ։ Ամեն դեպքում կառավարությունը լրջորեն է տրամադրված և պատրաստ է աստիճանաբար լուծել խնդիրը։ Սկզբնական շրջանում նախապատվությունը կտրվի հատկապես սահմանամերձ համայնքներին»,- նշել է Հայկ Հարությունյանը։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հուլիս 12, 2017 at 19:44


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր