

ԷկոԼուր
WWF-Հայաստանը նոր ուսումնասիրություն է սկսում` այս անգամ կապված գայլերի հետ: «Մենք պետք է ուսումնասիրենք այն հիմնական վայրերը` որտեղ են լինում գայլի եւ մարդու կոնֆլիկտները, եւ դրա հիման վրա առաջարկություններ արվեն, թե ինչպես կարելի է այդ կոնֆլիկտը մեղմացնել»,- ասաց WWF-Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանը մայիսի 22-ին «ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ:
«Գայլին եթե սպանում են, նամանավանդ, եթե սպանում են գլխավոր մայր գայլին, ապա մնացած երիտասարդ էգ գայլերը միանգամից սկսում են բազմանալ: Ու փաստորեն ավելի է գլխաքանակը շատանում»,- ասաց Կարեն Մանվելյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը գայլերից գյուղերի կենդանիներին պաշտպանելու ելքը տեսել է գայլերի ոչնչացման մեջ: Կառավարությունը 2011թ. փետրվարի 10-ին որոշում ընդունեց «Գայլերի թվաքանակի կարգավորման եւ միջոցառումների իրականացմանկարգը հաստատելու մասին» որոշումը: Արդյունքում. Ըստ պաշտոնական տվյալների, 2011 թվականին թույլատրվեց սպանել 100 գայլ, 2012թ.` 200:
Գայլերի ոչնչացման գործընթացին զուգահեռ Facebook սոցիական ցանցում ստեղծվեց «Փրկենք գայլերին» խումբը, որը զբաղվում է գայլերի պաշտպանությամբ: «Խմբում բավականին լուրջ մարդիկ հավաքվել էին եւ ուսումնասիրում էին, թե ինչ վիճակ է Հայաստանում: Մենք խնդրեցինք պարոն Մանվելյանին եւ պարոն Մանվելյանը մեզ օգնեց: Ես կարծում եմ` շուտով մենք կունենանք շատ լուրջ տվյալներ գայլերի քանակի մասին, նրանց տարածման մասին, եւ, իհարկե, փորձ կարվի հանրության հետ խոսել եւ սեմինարներ անցկացնել, որպեսզի մարդիկ հասկանան, որ գայլերին ուղղակի ոչնչացնել չի կարելի: Այս առումով երեւի մի հատ էլ Բնապահպանության նախարարության հետ էլ պիտի սեմինար անենք, որ իրենց բացատրենք, որ ուղղակի հրազենով դուրս գալ գայլերի դեմ եւ այդպիսի քանակություն ոչնչացնելը իրենց ոչ մի բան չի տա»,- ասաց «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյանը:
Իր հերթին Կարեն Մանվելյանը նշեց, որ ապահովագրական համակարգ ստեղծելու գաղափար կա, որպեսզի գայլերի հարձակումներից տուժած գյուղացիները փոխհատուցում ստանան:
Մայիս 27, 2013 at 14:50
