

ԷկոԼուր
Հուլիսի 22-ին ՀՀ Սյունիքի մարզի Կապանի քաղաքապետարանում տեղի ունեցան «Ջինջ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Գեղանուշի պոչատարի վթարային դատարկման ավազանի և հոսքուղու նախագծի վերաբերյալ հասարակական լսումները: Այս մասին հայտնեցին Կապանի մեր աղբյուրները: Լսումները վարեց Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը: Հասարակայնության ներկայացուցիչները դրական արտահայտվեցին նախագծի վերաբերյալ: 2012թ. Գեղանուշի պոչամբարի պոչատարի 3 վթարների արդյունքում պոչերը լցվեցին շրջակա միջավայր եւ ռիսկեր են պարունակում Կապանի համար: ինչպես վստահեցրեց «Դանդի պրեշս մետալս Կապան» ընկերության (Ընկերությունը շահագործում է Գեղանուշի պոչամբարը եւ Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատը) ներկայացուցիչը, նոր նախագիծը նվազագույնի է հասցնում պոչատարի վթարի ռիսկերը:
Նախագիծը չի նախատեսում լրացուցիչ տարածքների զբաղեցում և մեծածավալ հողային աշխատանքներ: «Պոչատարի բետոնե հոսքաորսիչները (յուրաքանչյուրը 1.5 խոր. մ.) և միջնական վթարային ավազանները (յուրաքանչյուրը 3 խոր. մ.) կառուցվելու են խողովակաշարի կցումային հատվածների (կոմպենսատորներ) մոտ, իսկ վթարային մեծ տրամաչափի բետոնյա կիսախողովակը տեղադրվելու է պոչատարի հոսքուղու սպասարկման գոտում: Կիասախովակները նույնպես լինելու են հատվածային`պոչատարի կցումային կետերից մինչև հերթական հոսքաորսիչ »,- նշված է նախագծում:
Շինարարական աշխատանքները տևելու են 4 ամիս: Հանվելու է 650.0 մ3 հողային զանգվածը: Հանված բերրի հողի զագվածը կկազմի 6.0 մ3: Մթնոլորտ են արտանետվելու փոշի, ածխածնի օքսիդ (CO), ածխաջրածիններ (CH), և ազոտի օքսիդներ (NOx), որոնց քանակները, ինչպես նշված է նախագծում, մեծ չեն, կրում են ժամանակավոր բնույթ և չեն կարող էական ազդեցություն ունենալ շրջակա միջավայրի վրա:
Շինարարական աշխատանքների ազդեցությունը կանխարգելելու և հնարավորինս նվազեցնելու նպատակով նախագծով նախատեսվում են բնապահպանական միջոցառումներ, որոնց ծախսերի ընդհանուր արժեքը կազմելու է 185.0 հազ.դրամ:
Գեղանուշի պոչամբարի տեղանքը գտնվում է Զանգեզուր լեռնաշղթայի հարավում, Գեղանուշ գետի կիրճում: Այստեղ են լցվում Կապանի Շահումյանի լեռնահարստացուցիչ ֆաբրիկայի պոչերը: Շահումյանի հանքավայրը շահագործում է «Դանդի Փրեշըլս Մեթալս» (նախկինում՝ Դինո Գոլդ Մայնինգ ընկերությունը) ընկերությունը:
Հուլիս 22, 2013 at 17:48
