

ԷկոԼուր
Հայաստանի մետաղական հանքերի պաշարներն այսօրվա բիրժային գներով գնահատվում են 4 տրիլիոն 138 միլիարդ 564 միլիոն 400 հազար դոլլար: Այս գնահատականը տրվել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Տնտեսագիտության ինստիտուտի գլխավոր մասնագետ, երկրաբանական գիտությունների դոկտոր Հրաչյա Ավագյանի կողմից օգոստոսի 9-ին՝ «ԷկոԼուր» մամուլի ակումբում:
Որպես այս գնահատականի հիմնավորում՝ Հրաչյա Ավագյանը ներկայացրեց տվյալներ հանքավայրերում թանկարժեք մետաղների եւ տարրերի պարունակության մասին: Այսպիսով, Հայաստանում 7 պղնձամոլիբդենային հանքավայրեր կան՝ Քաջարանի, Ագարակի, Այգեձորի, Հանքասարի, Դաստակերտի, Հանքավանի, Թեղուտի: Նրանց պաշարները գնահատվում են 1 տրիլիոն 40 միլիարդ 824 միլիոն 554 հազար դոլլար: Ամենախոշորը՝ Քաջարանի հանքավայրը, իր հաշվեկշռում ունի 2 230 763 800 հազար տոննա պաշար: Դրանց ավելանում են ոչ հաշվեկշռային պաշարները՝ 3 71 51 000 հազար տոննա: 1 տոննա հանքաքարն արժե 5 230 000 դոլլար՝ հաշվի առնելով այն, որ բացի պղնձից եւ մոլիբդենից հանքաքարը պարունակում է թանկարժեք տարրեր՝ ոսկի, վանադիում, ցինկ, կոբալտ, նիկել, պիրիտ եւ այլն:
Պղնձի 5 հանքավայրերից շահագործվում են 3-ը: Բացի պղնձից նրանք նաեւ պարունակում են ոսկի, արծաթ, սելեն, տելուր, բիսմուտ, գալիում, գերմանիում: Դրանց պաշարները գնահատվում է 11 միլիարդ 280 միլիոն 609 հազար դոլլար, իսկ կանխատեսվող պաշարները՝ 7 միլիարդ 370 միլիոն 909 հազար դոլլար:
Ոսկու բազմամետաղային հանքավայրերը, որպես կանոն, գնահատվում են ըստ 5 պարունակող տարրերի՝ ոսկու, արծաթի, պղնձի, կապարի եւ ցինկի: Դրանք Շահումյանի Ազատեկի, Թուխմանուկի, Գլաձորի եւ Ախթալայի հանքավայրերն են: Նրանց արժեքը 19 միլիարդ 363 միլիոն 617 հազար դոլլար է: Կանխատեսվող պաշարները գնահատվում են 56 միլիարդ 256 միլիոն 883 հազար դոլլար:
Ոսկու հանքավայրերը 8-ն են, նրանցից ամենախոշորը Սոտքինն է: Նրա պաշարները գնահատվում են 18 միլիարդ 349 միլիոն 760 հազար դոլլար, կանխատեսվող պաշարները գնահատվում են 24 միլիարդ 685 միլիոն 277 հազար դոլլար:
Երկաթի հանքավայրերը 6-ն են, նրանցից 3-ն արդեն ունեն «տերեր»: Դրանք Հրազդանի, Սվարանցի եւ Աբովյանի հանքավայրերն են: Գնահատված են 4 հանքավայրեր, եւ նրանց պաշարների արժեքը կազմում է 2 տրիլիոն 623 միլիարդ 433 միլիոն դոլլար:
Օգոստոս 13, 2013 at 14:09
