ԳՁՕ-ի սերմեր Հայաստան պաշտոնապես չեն ներկրվում

ԳՁՕ-ի սերմեր Հայաստան պաշտոնապես չեն ներկրվում

ԷկոԼուր

Այսօր Հայաստան գենետիկորեն վերափոխված սերմեր պաշտոնական եղանակով չեն ներկրվում: Օգոստոսի 22-ին «ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը նշեց. «Մեր երկիրը սերմերի ներմուծումը կատարում է խիստ կանոնակարգված կերպով: Ներմուծվում են այն սերմացուները, որոնք գրանցված են մեր երկրում և թույլատրված են օգտագործման համար»: Արդեն ՀՀ Ազգային ժողովում քննարկվում է գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (ԳՁՕ) գործածման կենսաանվտագության մասին օրենքի նախագիծը: Օրենքը նախատեսում է կանոնակարգել ԳՁՕ-ի հետ կապված բոլոր գործընթացները՝ ներմուծումը, օգտագործումը, վերամշակումը, սպառումը: Ըստ Գառնիկ Պետրոսյանի՝ շեշտը պետք է դնել տեղական սորտերի զարգացման, տարածման եւ պահպանման վրա:

«Կանաչ արահետ» ՀԿ-ի հետազոտությունները ևս փաստում են, որ պաշտոնական ներմուծված սերմերը գենետիկորեն ձևափոխված չեն: Սակայն  ՀԿ-ի նախագահ Նունե Սարուխանյանը չբացառեց ԳՁՕ-ի սերմերի ներմուծումը ոչ պաշտոնական եղանակներով. օրինակ, երբ սերմերը ներմուծվում են ոչ թե Գյուղնախարարության միջոցով, այլ անհատների կողմից: Նա մտահոգիչ համարեց հիբրիդների ներկրումը և տեղական տեսակների անհետացումը: «Հիբրիդները ծնողական երկու սերմերի խաչասերման արդյունք են: Վերջին 10 տարում տեղական սորտերը իրենց տեղը զիջում են արտասահմանյան հիբրիդներին, որոնք հիմնականում նախատեսված են պահածոների արտադրության համար և համային հատկանիշներով զիջում են տեղական սորտերին»,-նշեց Նունե Սարուխանյանը՝  նկատելով, որ այսօր այդքան նախընտրելի պինդ լոլիկները ամենևին չեն կարող համարվել տեղական սորտեր:  Վերջինս նաև առանձնացրեց, կազմակերպության հետազոտությունների ընթացքում ի հայտ եկած, ևս մեկ կարևոր խնդիր. «Հողի բերքատվության անկման պատճառով ընկնում է նաև տեղական սորտերի բերքատվությունը ,ինչը նպաստում է, որպեսզի ֆերմերները հրաժարվեն տեղական սորտերից»: Գառնիկ Պետրոսյանը հավելեց. «Տեղական սորտերը չեն անհետացել, ընդհակառակը, դրանք շարունակվում են մշակվել: Միայն բանջարաբոստանային մշակաբույսերի սելեկցիոն սերմնաբուծական կենտրոնի կողմից այս տարի վաճառվել է 115 կգ լոլիկի սերմ, որով հնարավոր է մինչեւ 700 հա սածիլ աճեցնել»:

Օգոստոս 26, 2013 at 14:38


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր