

ԷկոԼուր
«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի ստեղծման նախագիծն առաջացնում է գիտական և էկոլոգիական հասարակայնության մտահոգությունը: Նոր համալիրի ներքո իշխանությունները մտադիր են պահպանության տարբեր ռեժիմներ ունեցող մի քանի բնապահպանական տարածքներ միավորել: Գլխավոր տարածքը «Շիկահող» պետական արգելոցն է, որն ունի կայուն կառուցվածք և պահպանության խիստ ռեժիմ: Կենսոլորտային համալիրի ստեղծման համար մտադիր են ծախսել 8.2 միլիոն եվրո, որը տրամադրում է KfW գերմանական զարգացման բանկը:
Հասարակայնությունը հանդես է գալիս հանուն այս խիստ վիճելի նախագծի տեղեկատվության բաց լինելուն և մտադիր է այն լայն քննարկման ներկայացնել սույն թվականի սեպտեմբերին:
«Մինչ օրս րեւէ հասարակական լսում չի եղել «Զանգեզուր» կենսոլորտային տարածքի մեջ «Շիկահող» արգելոցի և «Արևիկ» ազգային պարկի միավորման վերաբերյալ, թեպետ խնդիր կա եւ ռիսկեր է ներկայացնում «Շիկահող» արգելոցի համար»: Այս մասին «ԷկոԼուր» մամուլի ակումբում օգոստոսի 28-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասացին «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի նախագահ, Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը և «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արսեն Գասպարյանը:
Ինչպես նշեց Սիլվա Ադամյանը ` Էկոլոգիական հասարակական դաշինքը երկու անգամ դիմել է բնապահպանության նախարարություն` խնդրելով ներկայացնել հիմնավորումներ կենսոլորտային տարածքի ստեղծման համար: «Նախարարությունը պատասխանեց, որ նախագիծը քննարկման փուլում է, ներկայացված է շահագրգիռ կողմերին և սահմանված կարգով անցել հասարակական լսումներ: Սակայն ոչ մի հայտարարություն բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում չի եղել, հասարակայնությունից ոչ մեկ չի իմացել նման նախագծի մասին»,-ասաց Սիլվա Ադամյանը:
Արսեն Գասպարյանի խոսքով` հայտնի է, որ KfW գերմանական զարգացման բանկը 8.2 միլիոն եվրո է տրամադրել կենսոլորտային համալիրի ստեղծման համար: «Բայց եթե նայենք «Հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքը, ապա կտեսնենք, որ և գործող օրենքում, և մշակվող նոր օրինագծում կենսոլորտային համալիրի վերաբերյալ հստակ ձևակերպումներ չկան, ընդամենը 4-5 տող է: Եւ նախագծում այդ անվանումը հստակ չէ` կամ կենսոլորտային համալիր, կամ տարածք: Հարց է առաջանում` ինչու չսպասել նոր օրենքի ընդունմանը, որպեսզի հստակ պատկերացում ունենալ, թե ինչ ստեղծել եւ ինչու»,-նշեց Արսեն Գասպարյանը: Եթե հատուկ պահպանվող տարածքների մի քանի տեսակներ միաձուլվեն մեկ հատուկ պահպանվող տարածքի` կենսոլորտային համալիրի մեջ, որը որոշակի կարգավիճակ, հիմնավորում չունի, ապա «Շիկահողը»-ը նույնպես կարող է դառնալ մատչելի նախկինում արգելված գործունեության համար, քանի որ կկորցնի պաշտպանության ռեժիմը:
Արսեն Գասպարյանը նշեց, որ աշխարհում հայտնի են մոտ 600 կենսոլորտային համալիրներ, որտեղ տեղի համայքները իրենց զարգացումը տեսնում են էկոլոգիական արտադրանքի արտադրության մեջ: «Տվյալ դեպքում ինչ էկոլոգիական արտադրանքի մասին կարող է խոսքը լինել, եթե ամենուր` և «Արևիկ» ազգային պարկի, և «Զանգեզուր» արգելավայրի մոտ հանքեր են շահագործում»,-ասաց նա:
ԷկոԼուրի տվյալներով, Սյունիքի մարզում գործում են հանքարդյունաբերական ընկերություններ, որոնք ունեն շահագործման և մետաղական հանքավայրերի ուսումնասիրության ավելի քան 50 լիցենզիաներ: Այդ հանքավայրերից մի քանիսը հարակից են հատուկ պահպանվող տարածքներին: «Շիկահող» արգելոցի կողքին մտադիր են շահագործել Բարձրադիրի ոսկու հանքավայրը: Նախագիծը դեռևս բնապահպանական փորձաքննության եզրակացություն չի ստացել, բայց հետ չի կանչվել: «Արևիկ» ազգային պարկի կողքին կառուցվում է «Ատ-Մետալս» ընկերության ոսկու կորզման ֆաբրիկան: Շինարարությունն իրականացվում է առանց թույլատրող փաստաթղթերի:
«Արևիկ»-ի կողքին բացվում են ամենաքիչը 4 հանքավայրեր, ևս 10 հանքավայրեր այժմ ուսումնասիրվում են և սպասում շահագործման իրենց հերթին: Բոլոր այս հանքավայրերը շրջակա միջավայրը ծանր մետաղներով աղտոտելու և ճառագայթելու վտանգ են ներկայացնում: «Արևիկ» ազգային պարկի միկրոկլիման և էկոհամակարգը ձևավորող Մեղրի գետի վրա կառուցվում է 9 փոքր ՀԷԿ: «Շիկահող» արգելոցին հարակից Ծավ գյուղում նույնպես ՓՀԷԿ է կառուցված: Ի դեպ, այն կառուցված է նույն KfW գերմանական զարգացման բանկի միջոցներով, որը միջոցներ է տրամադրում կենսոլորտային համալիրի ստեղծման համար:
Օգոստոս 29, 2013 at 12:40
