«Երևան Ջուր»-ը աշխատանքներ է տանում, որ կոյուղաջրերը չթափվեն Հրազդան գետ (Լուսանկարներ)

«Երևան Ջուր»-ը աշխատանքներ է տանում, որ կոյուղաջրերը չթափվեն Հրազդան գետ (Լուսանկարներ)

ԷկոԼուր

«Երևան Ջուր» ՓԲԸ-ն աշխատանքներ է տանում, որ կոյուղաջրերը չթափվեն Հրազդան գետ: Ներկայումս ընկերությունն իրականացնում է կոյուղու ցանցի վերակառուցման աշխատանքներ Հրազդանի ձորում և Նորագյուղի տարածքում:

Հիշեցնենք, որ ԷկոԼուրը բազմիցս ահազանգել է Հրազդան գետ կոյուղաջրերի թափվելու մասին: Վերջին անգամ ահազանգել էինք, որ Երեւանի գինու գործարանի թափոնները լցվում են Հրազդան գետը: Պարզվեց, որ պատասխանատուն «Երեւան Ջուր» ընկերությունն է, որին ՀՀ բնապահպանության նախարարությունը վթարը վերացնելու պահանջով գրություն էր ուղարկել:

«Երևան Ջուր» ՓԲԸ-ի արտադրատեխնիկական բաժնի պետ Մուշեղ Բաբաջանյանը ԷկոԼուրի հետ զրույցում նշեց, որ 2009թ-ին Հրազդան գետի վրայով կառուցվել է ճնշման տակ աշխատող ավելի քան 1200 գծամետր երկարությամբ տարանցիկ կոյուղատար՝ դյուկեր՝ 22 դիտահորով, որի միջոցով ապահովվել է նշված գինու գործարանի կեղտաջրերի հեռացումը դեպի գետի աջ ափին գտնվող կոյուղի: Սակայն հետագա տարիներին Նորագյուղում բնակիչների կողմից սեփական կոյուղագծերը ապօրինաբար միացվել են դյուկերին, ինչը տեխնիկական առումով եղել է անթույլատրելի: Դա խցանումներ է առաջացրել, նվազեցրել է կոյուղու թողունակությունը և ի վերջո հանգեցրել նշված ձեռնարկության կոյուղաջրերի արտահոսքին Հրազդան գետը:

«Խնդրի լուծման նպատակով ներկայումս «Երևան Ջուր» ընկերությունը կառուցում է Նորագյուղի տվյալ հատվածը շրջանցող կոյուղի: Ընկերության հատկացրած 32 մլն դրամով հին, թուջե խողովակները փոխարինվում են նոր՝ 400մմ տրամագծով պողպատե խողովակներով: Նորակառույց կոյուղին կունենա 263 մետր երկարություն: Անձրևաջրերը այժմ չեն լցվի բնակելի տներ, և Նորագյուղը կունենա նորմալ կոյուղի»,- ասաց Մուշեղ Բաբաջանյանը:

Ընկերության ներկայումս 44 միլիոն դրամ արժողությամբ նախագիծ է իրականացնում` հերթականությամբ փոխելով Հրազդան գետի վրայով անցնող կոյուղագծերը, որոնց միջոցով Արաբկիրի կոյուղաջրերը հեռացվում են դեպի Աէրացիայի մաքրման կայան: Կոյուղագծերի ընդհանուր երկարությունը 160 մետր է: Ըստ Մուշեղ Բաբաջանյանի՝ աշխատանքների ավարտից հետո կբացառվի կոյուղաջրերի արտահոսքը Հրազդան գետ:

«Երևան Ջուր» ընկերության լրատվության պատասխանատու  Մուրադ Սարգսյանի խոսքով՝ Հրազդան գետ թափվող 17 կոյուղագծերից 11-ի խնդիրը ընկերությունն արդեն լուծել է:

«Խնդիրն այն չէ, որ մենք չգիտեինք կամ չէինք ուզում դա անել: Ուղղակի նախկինում հասկանալի պատճառներով,  ուշադրությունն ավելի շատ դարձնում էինք ջրամատակարարման բարելավմանը, որովհետև թաղամասեր կային, որտեղ 4 ժամ ջրի մատակարարումն ավելի քան բարվոք էր համարվում: Այսօր Երևանում բնակչության 70%-ն ունի շուրջօրյա, մնացածը՝ 17-23 ժամ, իսկ ընդամենը 10.000 բաժանորդ՝ 17 ժամից պակաս ջրամատակարարում: Դա արդեն լավ ցուցանիշ է»,- նշեց Մուրադ Սարգսյանը:

Ջրահեռացման համակարգի խնդիրների լուծման նպատակով «Երևան Ջուր» ընկերությունը 2014թ-ին մոտ 26 միլիոն եվրո արժողությամբ ծրագիր է նախատեսում, որի համար վարկ է տրամադրել  ֆրանսիական կառավարությունը: Նոր ծրագիրը հնարավորություն կտա ջրամատակարաման և ջրահեռացման համակարգի վերահսկողություն իրականացնել հեռակառավարման միջոցով:

Սեպտեմբեր 04, 2013 at 18:21


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր