

ԷկոԼուր
Սեպտեմբերի 7-ին Շնողում տեղի ունեցած տոնավաճառը «կանաչ» տնտեսության իրական տոն էր: Գունեղ, ձևավորված սեղանիկների ետևում կանգնած էին Շնողի և Թեղուտի բնակիչները՝ ներկայացնելով մեղրի տարբեր տեսակներ, մրգեր, նկարներ, արհեստագործական արտադրանք: Գյուղ էին ժամանել «Թեղուտի պաշտպանություն» քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստների կողմից ներգրավված տասնյակ մարդիկ: Տոնավաճառի հիմնական նպատակն էր ցույց տալ, որ Թեղուտի իրական զարգացումը ոչ թե կապված է Թեղուտի անտառը ոչնչացնող հանքարդյունաբերական գործունեության, այլ գյուղատնտեսության կայուն զարգացման հետ, որը ճիշտ կազմակերպման դեպքում կապահովի ֆերմերներին: Գյուղ էին ժամանել նաև սիրողական համույթներ: Պրոֆեսիոնալ պարողներին միացել էր հանդիսատեսը:
Տոնավաճառի ծրագրով նախատեսված էր այցելել Թեղուտի պնձամոլիբդենային հանքավայրի շահագործման նախագծի տարածք: Նախագիծը իրականացնում է «Վալլեքս» ընկերությունը: Հիշեցնենք, որ չնայած նախագծով պաշտոնապես նախատեսված է 357 հեկտար անտառի հատում, սակայն ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Տնտեսագիտության ինստիտուտի մասնագետները ենթադրում են, որ ոչնչանալու է ավելի շատ անտառ՝ մոտ 2000 հեկտար: Անտառն արդեն հատում են, և նրա տեղը կառուցում են ենթակառուցվածքներ: Վերամշակվող արտադրության կմախքն արդեն պատրաստ է: Ապագա գործարանը կառուցվում է պղնձամոլիբդենային հանքի կողքին: Արդյունաբերական թափոնները թափվելու են հանքի կողքին, իսկ պոչերը բաց են թողնելու կիրճ, որտեղ արդեն ավարտում են Հայաստանում ամենամեծ՝ մոտ 500 միլիոն մ3 ծավալով պոչամբարի կառուցումը:
Տոնավաճառին ներկա էր Հայաստանում ԱՄՆ դեսպան պարոն Ջոն Հեֆֆերնը՝ ուղեկցող խմբով: Պաշտոնական ընդունելություն չեղավ: Հյուրերը շփվեցին բնակիչների հետ, մեղր գնեցին և հեռացան: Ցավոք, հայ պաշտոնյաները անտեսեցին մեղրի տոնավաճառը: Շնող չժամանեցին նույնիսկ Լոռու մարզի մարզպետարանի ներկայացուցիչները, չհետաքրքրվեցին, թե ինչպես կարելի է գործի միջոցով ոտքի կանգնեցնել գյուղացիներին, որոնց ծանր վիճակի մասին անընդհատ խոսում են վարչապետը, նախարարները և մարզպետները:
Շուտով ԷկոԼուրը կներկայացնի տեսնյութ, որը հնարավորություն կտա ծանոթանալ տոնավաճառի ընթացքին, Թեղուտի նախագծի տարածքին, ինչպես նաև իմանալ, թե ինչ են մտածում Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ջոն Հեֆֆերնը, Շնողի գյուղապետ Հովիկ Սահակյանը, տեղի մեղվապահները, ակտիվիստները և այցելուները այս ամենի մասին:
Սեպտեմբեր 09, 2013 at 12:56






















