

ԷկոԼուր
Հայաստանը ունի մոտ 550 քնած հրաբուխ և չի բացառվում, որ դրանք կարող են արթնանալ: Այս մասին սեպտեմբերի 26-ին «ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի հրաբխագիտության լաբորատորիայի ղեկավար Խաչատուր Մելիքսեթյանը: ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի հրաբխագիտության լաբորատորիայի ավագ գիտաշխատող Սերգեյ Կարապետյանն էլ նշեց ամենաակտիվ հրաբխային շրջանները. Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզեր, իսկ ամենահանգիստը՝ Տավուշի մարզն է: Միայն 150 հրաբուխ և հրաբխային խմբեր ունի Արագածոտնի մարզը:
«Անցկացվել է հրաբխային ռիսկերի գնահատում հայկական ատոմային էլեկտրակայանի համար և պարզվել, որ ԱԷԿ-ի համար վտանգ է ներկայացնում ոչ թե Արագած լեռը, Արագածի հրաբուխը, որը շատ մոտ է գտնվում ատոմային էլեկտրակայանին, այլ Արարատը»,- նշեց Սերգեյ Կարապետյանը:
«Հրաբխային ակտիվությունը շատ մեծ ազդեցություն ունի նաև կլիմայի վրա և ունի էկոլոգիական մեծ ազդեցություն: Հրաբխային գործունեությունը կարող է շատ արագ իջեցնել ջերմաստիճանը: Օրինակ, Իսլանդիայի Լաքի հրաբուխը ժայթքել է 18-րդ դարի վերջում, որից հետո մի քանի տարի Եվրոպայում գրեթե արև չէին տեսնում, արևի լույսը ուղղակի չէր թափանցում մթնոլորտի միջով: Եվրոպայում սով էր, բերք ընդհանրապես չէին ստանում, տասնյակ հազարավոր մարդիկ մահացել են: Իսկ մոտավորապես 74 հազար տարի առաջ ժայթքել է Տոբա հրաբուխը, որի հետ են կապում երկրագնդի վրա տեղի ունեցած վերջին սառցակալումը: Նույն շարքում կարելի է դասել Արագածի տուֆերի ժայթքումը, մոտավորապես 640-650 հազար տարի առաջ: Դա էլ էր կատաստրոֆիկ ժայթքում մեր տարածաշրջանի համար, և այդ ժամանակ նույնպես կլիմայական փոփոխություններ են տեղի ունեցել»,-հավելեց Խաչատուր Մելիքսեթյանը` ընդգծելով, որ հրաբխային ժայթքումներից հսկայական քանակությամբ թունավոր գազեր են արտանետվում մթնոլորտ, որոնք աղտոտում են մթնոլորտը:
Նրա խոսքով` հարևան երկրների ակտիվ հրաբուխները նույնպես կարող են վտանգ ներկայացնել մեր համար, քանի որ գտնվում ենք նույն տարածաշրջանում:
Սեպտեմբեր 28, 2013 at 16:26
