

էկոԼուր
Սույն թվականի հոկտեմբերի 2-ին`ժամը 12:00-ին, ԷկոԼուր մամուլի ակումբում (Հանրապետության 49, «Եվրոպա» հյուրանոցի դիմացի շենք, մուտքը բակի կողմից, առաջին հարկ, նախավերջին դուռ) տեղի կունենա ԷկոԼուրի «Փոքր ՀԷԿ-երը միջազգային ֆինանսական ինստիտուտների հովանու ներքո» զեկույցի շնորհանդեսը և քննարկումը: Զեկույցում ներկայացված են փոքր ՀԷԿ-երի խնդիրները` կոնկրետ օրինակներով: Արդեն դիտվում են ՓՀԷԿ-երի գործունեության բացասական հետևանքները` կապված էկոլոգիական թողքի, կումուլյատիվ էֆեկտների, կենսաբազնազանության կորստի, անտառհատումների, սողանքների հետ: ՓՀԷԿ-երը դարձել են լուրջ սոցիալական խնդիրների պատճառ: Բնակիչները ՓՀԷԿ-երից ոչ մի օգուտ չունեն, վատանում է նրանց բնակության միջավայրը և կյանքի որակը: ՓՀԷԿ-երի կառուցման համար նախատեսված հողերի սեփականատերերը պաշտպանված չեն օրենքով:
Փոքր ՀԷԿ-երը Հայաստանում դարձել են մեծ եկամուտների ոլորտ, որտեղ կենտրոնացված են բարձրաստիճան պաշտոնյաների շահերը: Փոքր ՀԷԿ-երի միջոցով Էլեկտրաէներգիա արտադրողների համար հաստատված են էլեկտրաէներգիայի գնման համար բարձր գներ և մրցակցության բացակայություն ապահովող երաշխիքներ: Սա շահավետ բիզնես է, որը ոչ մի կապ չունի շրջակա միջավայրի պահպանման հետ, և որի համար ֆինանսական միջոցներ տրամադրում են այնպիսի զարգացման միջազգային ֆինանսական ինստիտուտները, ինչպիսիք են` Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, Միջազգային ֆինանսական կորպորացիան, KfW գերմանական զարգացման բանկը:
ԷկոԼուրը իր երախտագիտությունն է հայտնում Վիշեգրադյան միջազգային հիմնադրամին տվյալ հետազոտությունը «ԵՄ ֆինանսական միջոցները V4-ում եւ դասեր հարեւանների համար» ծրագրի շրջանակներում անցկացնելու հնարավորություն ընձեռելու համար:
Հրավիրում ենք հասարակության, զարգացման բանկերի, գիտական հաստատությունների, խորհրդարանի և մամուլի ներկայացուցիչներին մասնակցելու զեկույցի քննարկմանը:
Հոկտեմբեր 01, 2013 at 14:26
