«Կանաչ» տնտեսության հեռանկարները Մաքսային միության շրջանակներում

«Կանաչ» տնտեսության հեռանկարները Մաքսային միության շրջանակներում

ԷկոԼուր

Եվրոպայից հրաժարվելը և Մաքսային միությանը միանալը նոր հարցականներ է առաջացնում «կանաչ» տնտեսության ոլորտում: Այս մասին հոկտեմբերի 7-ին «ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Գործատուների հանրապետական միության ղեկավար Գագիկ Մակարյանը: Ելույթի թեման էր` «կանաչ» տնտեսության հնարավորությունները, հեռանկարները և ռեսուրսները Հայաստանում:

«Մեր երկրում տեղի ունեցած վերջին զարգացումները, կապված Եվրոպական միության և Մաքսային միության հետ, ցույց տվեցին, որ հնարավոր է փոխվի Եվրոպական միության վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ: Կարող է դադարել շատ ծրագրերի ֆինանսավորումը: Դա ունի և քաղաքական, և ֆինանսական նշանակություն, քանի որ այդ գումարները, մտնելով պետբյուջե, օգտագործվում էին որոշակի խնդիրներ լուծելու  համար և ստեղծում էին արժույթի որոշակի հնարավորություններ մեր հանրապետության համար»,- ասաց Գագիկ Մակարյանը` նշելով, որ Հայաստանում արտարժույթը հատկապես ձևավորվում է արտահանումից: «Մեր արտահանման մոտավորապես  85%-ը կազմում են 25 ապրանքներ, դա շուրջ 1.2 միլիարդ դոլար է, որից շուրջ 600 միլիոն դոլար միայն մետաղներն են: Այսինքն,  այն ապրանքները,որոնք շահագործվում  են հանքերից և ուղղակի ձևով կապ ունեն էկոլոգիայի հետ, վնասում են  բնությանը և շրջակա միջավայրին: Ինչ վերաբերում է գյուղատնտեսությանը, նշված 25 ապրանքների թվում մի քանիսը գյուղատնտեսական ապրանքներ են, որոնք ապահովում են  35 միլիոնի արտահանում, որը չնչին թիվ է»,- ասաց Գագիկ Մակարյանը:

Կա շահերի բախում նաև զբոսաշրջության և հանքարդյունաբերության միջև: Վառ օրինակ է` Ամուլսարը: Ամուլսարի ոսկու հանքավայրը մտադիր են բաց եղանակով շահագործել Ջերմուկ հանգստյան գոտու մոտակայքում: Բայց, Գագիկ Մակարյանի կարծիքով, Հայաստանը չունի լուրջ լծակներ, որպեսզի հայտարարի տուրիզմի իրական զարգացման մասին. «Թվերը ուռճացված են, եկամուտները` փոքր: Եվ կառավարությունը ընտրել է հեշտ ուղին. բացել հանքավայրեր, որոնք միանգամից կապահովեն գերշահույթ: Տնտեսական ասպեկտում, կառավարությունը չի կարող միանգամից հրաժարվել հանքարդյունաբերությունից»:

Գագիկ Մակարյանի խոսքով` եթե ձևավորվի «կանաչ» տնտեսության քաղաքականություն, կառավարությունը հետզհետե կնվազեցնի հանքարդյունաբերության սեկտորը այլ ոլորտների զարգացման հաշվին: 

«Կանաչ» տնտեսության ասպեկտները կքննարկվեն հոկտեմբերի 8-ին` ժամը 10:00-ին, Մետրոպոլ հյուրանոցում կայանալիք գիտաժողովի ժամանակ:

Հոկտեմբեր 07, 2013 at 17:49


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր